ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազի տունը թալանողին նոր մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տունը գողության փորձ կատարած անձին նոր մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում, վիճաբանության ժամանակ երկու անգամ դիտավորությամբ հարվածել է էդգար Ղուլյանին, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, նա 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 21:35-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 34 շենքի մոտ, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, քաշքշել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկան, ոստիկանության համազգեստով ծառայություն իրականացնող Սահակ Պողոսյանին, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջության համար գործադրել ոչ վտանգավոր բռնություն, համազգեստից քաշել ֊պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել է փախուստի: Վերջինս կալանավորված է:

Նկատենք, որ Հասանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում. նա 2019 թվականին փորձել էր թալանել Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը: 2020 թվականի ապրիլի 15-ին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ` Սամվել Հասանյանը, Գեւորգ Մանուկյանը,Անդրանիկ Առաքելյանը եւ Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը:: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի:

Հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել: Ի դեպ սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ու այս գործով հիմա դատավոր Սուսաննա Գզոգյանը պետք է որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության, Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ: Ավելին, Մարիտրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս