«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն և մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին և դարձել են մեր անսասան սահմանապահները։ «Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է»,-ասվում է Հանրապետության նախագահի խոսքում։
Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, Հայաստանում և սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները: Դրամական փոխանցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի www.himnadram.org կայքում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավաքված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։ «Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում։