Լոռվա և Երևանի բնապահպան Հեծանվորդները կազմակերպել էին հեծանվարշավ ուղղված Լոռվա մարզի գողտրիկ ջրվեժը` Թռչկանը փրկելու համար: Ահա թե նրանք ինչ են տեղեկացնում: Թռչկանի ջրվեժի կողքով արդեն մոտ 100 մետր փորված էր, հավանաբար գետի հունը փոխելու նպատակով: Որպես հետևանք մինչև ջրվեժի սկիզբը գետի հունը կիսով չափ փակվել է՝ լցվելով քարերով ու հողով: Ամսի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան, մեր այնտեղ գտնվելու ընթացքում, շինարարություն չէր կատարվում: Հիշեցնեմ, որ մենք սեպտեմբերի 24-ից 25-ը երկու օրանոց հեծանվարշավ էինք կատարում Երևանից Թռչկան ջրվեժ և հակառակը: Հեծանվարշավի նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն էր, լուսանկարելը, տեսաձայնագրելը, հարակից գյուղերի բնակիչների կարծիքն իմանալը և ստացված ամբողջ տեղեկատվությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելը: Մենք մեր հեծանիվների վրա կրում էինք կանաչ կտորից պատրաստված դրոշներ, որոնց վրա գրված էին Թռչկանի ջրվեժի պահպանմանը նվիրված կարգախոսներ: Այդպես շրջում էինք գյուղերով, մեզ մոտենում էին տեղի բնակիչները, հարցուփորձ անում և իրենց կարծիքը արտահայտում: Դեռ Ապարանից սկսած՝ չկար մեկը, ով գոնե մեկ անգամ եղած չլիներ Թռչկանի ջրվեժում: Բոլորը խնդրին ծանոթ էին և շատ զայրացած էին խոսում: Թռչկանին ավելի մոտիկ՝ Ջրաշեն գյուղից, կրքերը ավելի թեժ էին, նրանք խոստանում էին, որ պայթեցնելու են, եթե այդտեղ ՀԷԿ կառուցվի, նույնիսկ հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչեցնում: Չհանդիպեցինք և ոչ մի բնակչի, ով անտարբեր կլիներ այդ խնդրի հանդեպ: Նրանք ասում էին, որ շատ են սիրում իրենց օդը, հողն ու ջուրը, բայց եթե հյուր է գալիս՝ առանձնապես բան չունեն ցույց տալու: Մնում է միայն Թռչկանի ջրվեժը, ուր տարված հյուրերը ուղղակի ապշում են տեսած գեղեցկությունից: Ջրաշեն գյուղի մի բնակիչ, ով ինձ մեքենայի ազդանշանով խնդրեց կանգնել, մոտեցավ, ջերմագին ողջունեց, և սկսեց պատմել, որ Թռչկանի հետ նկարված իր նկարը ցույց է տվել Ռուսաստանում, նրան սկսել են ծաղրել, թե ֆոտոշոպով իր նկարը դրել է ջրվեժի կաղքը՝ չհավատալով, որ Հայաստանում նման գեղեցկությամբ ջրվեժ կարող է լինել: Հետո նա հրավիրել է իր ռուս ընկերներին իրենց գյուղ և նրանք իրենց աչքերով տեսել են ջրվեժը: Բոլորը ասում էին, որ չեն հավատում ոչ երեք ամսին, ոչ ուրիշ թվերի, և չեն էլ ուզում հավատալ: Նրանք չեն ուզում երբևիցե ջրվեժի փոխարեն չոր քարափ տեսնել, դա նրանց ջրվեժն է: Շիրակամուտ գյուղի մի բնակիչ էլ՝ 40-ին մոտիկ տղամարդ, տեսնելով մեր պաստառի վրա գրված կարգախոսը՝ “Թռչկանի ջուրը կտրողի կյանքը կտրվի”, իր ընկերների հետ մոտեցավ և ասաց, որ դրանց կյանքը պետք չի կտրել, նրանք կտրելու են դրանց ձեռքերը ու մարմնի այլ մասերը, որ տանջվելով ապրեն ու գիտակցենք իրենց արածը: Մեծ Պարնի գյուղում էլ ձեռք բերեցինք ծանոթություններ, որոնք մեզ կօգնեն տեղյակ լինել ջրվեժում կատարվող գործողությունների մասին: Մեզ հանդիպած բոլոր մարդիկ միակարծիք էին, որ ՀԷԿ-ի շինարարությունը ոճրագործություն է, այն միևնույն է չի աշխատելու, միայն թե անիմաստ չավիրվի Թռչկանի ջրվեժի բնությունը:
Հեծանվարշավ թռչկանի ջրվեժը փրկելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ