Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն
• Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում – շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
• Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում – ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
• Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում – 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեից• Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին – շուրջ 83.5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից: Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում այս պահին բուռն շինարարություն է իրականացվում:
Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, պետք է նշենք, որ այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, մասնավորապես,
• Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը
• Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:
Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
Աշխատանքային այցերի ընթացքում մարզպետը բազմիցս քննարկել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ: Համայնքի ղեկավարի հետ դիտարկվել են Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու տարբերակները:
Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:
Եվ վերջում, անդրադառնանք Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի:
Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:
Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում:
Ահա այսպես՝ քայլ առ քայլ, մեր բոլոր համայնքներում կյանքի են կոչվելու սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը: