«Սասնա ծռեր» կուսակցությունը մի քանի հարցադրում է ուղարկել կառավարությանը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված դեպքերի հետ: Մասնավորապես՝ կուսակցության անդամները ցանկանում են իմանալ՝ ի վերջո ինչ ձեռքբերումներ է ունեցել այս ընթացքում հայկական բանակը, արդյոք ազատագրել է «Ղարա դաշ» կոչվող դիրքը, եթե հրադադար է հայտարարվել, ապա ինչպես եւ ում միջնորդությամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, թե մշտապես պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին. խոսքը նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայկական ատոմակայանին հարվածելու սպառնալիքներին էր վերաբերում: Ավետիսյանի խոսքով՝ այն, որ Թուրքիան այս պահին աջակցում է Ադրբեջանին, վերջինիս ավելի ուժեղ է դարձնում:
-Պարո՛ն Ավետիսյան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի լարվածությանը, նկատենք, որ Ադրբեջանի կողմից հնչեցին նույնիսկ Հայաստանում ատոմակայանին հարվածելու մասին հայտարարություններ: Նախ՝ ինչպե՞ս ընդունել այդ հայտարարությունները, արդյոք վտանգավո՞ր են: Պե՞տք է լրջորեն վերաբերվել, թե՞ դա Ադրբեջանի հերթական հայտարարությունն էր:
-Քանի որ այդ ահաբեկչական կազմավորումը, որ ձեւական իրավական իմաստով պետություն է կոչվում, պաշտոնապես մշակել եւ շրջանառության մեջ է դրել ոչնչացնելու պետական ռազմավարություն եւ բացեբաց հայտարարում է, որ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջանն է, Երեւանը իրենց հին քաղաքն է, եւ դա ոչ միայն «քարոզիչ» պատմաբանների բարբաջանքներ են, այլ պետական ռազմավարություն, ապա պետք է այդ ամենին լուրջ վերաբերվել: Եվ մշտապես նա ցույց է տվել իր ցեղասպան ահաբեկչական էությունը թե՛ արցախյան հակամարտության թեժ շրջաններին, թե՛ այս ամբողջ ընթացքում: Այնպես որ, այո, պետք է լուրջ վերաբերվել: Անշուշտ սարսափի մատնվել պետք չէ, բայց պետք է լուրջ վերաբերվել: Եվ ոչ միայն լուրջ վերաբերվել, այլ միջազգային ասպարեզում, ինչը չենք տեսնում, ամբողջ զորությամբ պետական մեքենայի եւ դիվանագիտության եւ տեղեկութային ռեսուրսների գործադրությամբ պետք է ցույց տալ այս ահաբեկչական գործողությունների էությունը: Իհարկե, հենց այնպես ցույց տալով պետք չէ սահմանափակվել, այլ ասպարեզի վրա բերել այդ Ադրբեջան կոչված արհեստական պետությունը կազմաքանդելու եւ արածաշրջանի անվտանգությունը ապահովելու հարցը:
-Ձեր խոսքում նշեցիք միջազգային հանրության արձագանքի մասին: Այս օրերին շատ էր շահարկվում այն թեման, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես պետք էր, իսկ հայկական կողմն ասում է, մենք ՀԱՊԿ-ին չենք դիմել: Արդյոք սա այն դե՞պքն էր, երբ հայկական կողմը պետք է դիմեր ՀԱՊԿ-ին:
-Նախ՝ ՀԱՊԿ-ը միջազգային հանրության հետ որեւէ կապ չունի այն իմաստով, որ միջազգային հանրությունը լայն հասկացություն է: Միջազգային հանրություն ասելով՝ մենք նկատի ունենք քաղաքակիրթ աշխարհը, բռնապետական ռեժիմները ու նրանց գոյատեւումը երկարաձգելու կամ կայսերական ծրագրերը իրականացնելու համար ստեղծված կազմակերպերպությունները, ինչպիսին են, օրինակ, ՀԱՊԿ-ը կամ ԵԱՏՄ-ն, երբեք չի կարելի մաս համարել հանրության: Անշուշտ չի կարելի դիմել, ընսհանրապես չի կարելի դիմել այդ կառույցին կամ նրա շրջանակներում ընդգրկված որեւէ ուժի, մենք շուտափույթ կերպով Հայաստանն ինքնիշխանացնելու խնդիր ունենք եւ, ընդհառակը, այդպիսի դիմումները կարող են ջուր լցնել լավրովյան պլանի իրականացման գործընթացի ջրաղացին: Մենք պետք է հասկանանք, որ դրանով նաեւ հրավեր, հոդոր կկարդանք նրանց, հնարավորություն կստեղծենք լեգիտիմացնել այն ամենամեծ վտանգը իրականություն դարձնելը, որպեսզի ռուսական զորքերի տեղակայումն է Արցախում եւ Տավուշում:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՎԵՐԵԼԱԿՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Այն, որ Հայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է, դա վաղուց հայտնի փաստ է: Օրինակ՝ Երեւանի եւ մարզերի քաղաքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների մեծ մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25, առանձին դեպքերում՝ նույնիսկ 50 տարին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել՝ վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին: Նախագիծը երեկ է հայտնվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները կարգավորված չեն: Պարզվում է, որ տարբեր համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման համար առանց հաշվարկների տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով:
Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել:
Օրինակ՝ 2019 թվականի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին է տրամադրվել է 290 մլն 391 հազար դրամ: Երեւանի քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրով ծախսված գումարը կազմում է 925 մլն 895 հազար 500 դրամ: Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավվելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից:
Ավելին, պարզվում է, որ արտադրողի պահեստից վերելակների շուկայական մոտավոր գներն այսօրվա դրությամբ տատանվում են՝ սկսած 4-10 մլն դրամի սահմաններում: Այսինքն՝ ծառայության ժամկետը սպառած եւ շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ գումար: Ի՞նչ երաշխիք, որ 21-53 մլրդ տրամադրելուց հետո Հայաստանում վերելակային տնտեսությունը կնորացվի: Ամեն դեպքում, Երեւանում դա չի երեւում:
Ս.Հ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ավերվել է 50 շինություն, որից 12-ի վերականգնման աշխատանքները արդեն սկսվել են. հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Ավերված բոլոր շինությունների վերականգնման աշխատանքների բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ կառավարությունը: Արդյոք այս տարվա մեջ հնարավոր կլինի՞ ավարտել վերականգնման աշխատանքները, նա դրական պատասխան է տվել՝ նշելով, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ մարզպետը հայտնել էր, որ կան տարբեր բնույթի վնասներ, կան շատ մեծ վնասներով տներ, կան նաեւ փոքր: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Հարցին, թե նախնական հաշվարկով ինչքան վնաս է պատճառվել, եւ թե որքան ֆինանսական միջոցներ են հարկավոր տուժած բնակչությանը աջակցելու համար, մարզպետը նշել է, որ այս պահին ֆինանսական ընդհանուր գնահատական դեռեւս չկա, սակայն, նրա խոսքով, բացի շինություններից, կան նաեւ այլ բնույթի վնասներ եւս՝ գյուղատնտեսական եւ այլն:
ՀԱՍԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես հայտնի է, 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին: Այս գործով կալանավորվել էր Արթուր Ալեքսանյանը, որն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: