ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ից լարված իրավիճակ էր տիրում հայ-ադրբեջանական սահմանային գոտում, եւ չնայած իրադարձությունները չվերածվեցին լայնածավալ պատերազմի, ինչպես 2016 թվականի ապրիլին, սակայն ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմն ունեցան կորուստներ: ArmLur.am-ը  ներկայացնում է երկու դեպքերի խրոնիկան:

 

Այսպիսով, ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ընդհանուր առմամբ սահմանում գործողությունները տեւել են չորս օր, որն ավարտվեց հրադադարով: Ապրիլի 5-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ: Այդ ժամանակ Վիեննայում հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Իսկ ի՞նչ տարածքային եւ մարդկային կորուստներ եղան 2016 թվականի իրադարձությունների ժամանակ. 2016 թվականի ապրիլին՝ օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետեւանքով կորցրել է 800 հա տարածք:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է 74 զինծառայող եւ 17 կամավորական (ընդհանուր 91 հոգի): Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին, այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն իրականում թվերն ավելի մեծ են:

Իսկ այս տարի հայ-ադրբեջանական սահմանային գոտում գործողությունները սկսվեցին հուլիսի 12-ից, եւ այժմ հարաբերական անդորր է տիրում: Այսպիսով, այդ օրվա դեպքերից մինչեւ այժմ հայկական կողմն ունի 4 զոհ, 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասն արդեն կազդուրվել է, եւ միայն մեկ զինծառայողի վիճակն է շարունակում մնալ ծայրահեղ ծանր:  Ադրբեջանական կողմի զոհերի թիվն ավելի շատ է, եւ հայկական կողմը նաեւ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է հակառակորդը չեզոք գոտում տանում իրենց զինվորների դիակները: Բացի մարդկային կորուստներից, ադրբեջանական կողմն ունի նաեւ մեծաթիվ տեխնիկայի կորուստ. հայկական զինված ուժերը խոցել են 13-ից ավելի անօդաչու թռչող սարքեր:  Ադրբեջանի գործողությունների հետեւանքով վնասներ են կրել Տավուշի մարզի բնակավայրերը, եւ այժմ ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այսօր եւս մեկ լրացուցիչ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետանակոծության հետեւանքով վնասվել են նաեւ գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ:

Տավուշի մարզում այս օրերին ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որը պարբերաբար տեղեկություններ էր հրապարակում սահմանին տիրող իրավիճակի մասին: Եվ, ահա, այսօր այդ կենտրոնը եւս դադարեցնում է իր աշխատանքը, իսկ սահմանին հարաբերական հանգիստ է: Երեկ գիշերն անցել է համեմատաբար հանգիստ: Սահմանագոտու տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակոց: Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ՝ հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաեւ բանակային այլ կորպուսների եւ մարզերի ուղղությամբ կրակոցներ՝ մասնավորապես Ճամբարակի ուղղությամբ: Օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր Զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով եւ արդյունքում լռեցրել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈԽԱՐԵՆ

Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը եւ սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին եւ տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերջինս նշել է. «Դեռեւս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետեւանքները մինչեւ վերջ չէին հաղթահարվել. վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր, նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը»: Իսկ այն հարցին, թե արդյոք հետագայում խոսք կլինի մարդասիրական փոխանակումների վերաբերյալ, ԱԳՆ խոսնակն արձագանքել է. «Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»:

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ

«Քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

ԹՈՇԱԿԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը նոր պետ ունի. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը: Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Սերգո Ավետիսյանը ազատվել էր ոստիկանության Սպիտակի բաժնի պետ պաշտոնից՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի:

 

 

3 ՆՈՐ ԴԵՊՔ

ԱՀ  առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ն էլ Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաեւ շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում: Միեւույն ժամանակ կորոնավիրուսի աշխտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ

Իջեւանում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը երեկ ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին հայտնել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

 

ԽՈՒՃԱՊ ՉԿԱ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ  Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում եւ «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ ArmLur.am-ը փորձեց մանրամասներ պարզել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե քաղաքում հանգիստ իրավիճակ է, ոստիկանությունն եւ ԱԻՆ աշխատողներն օպերատիվ իրենց աշխատանքը կատարել են եւ մարդկանց տարհանել: «Քաղաքում հանգիստ իրավիճակ է, օպերատիվ աշխատանքներ են կատարվում: Ոստիկանությունը երբ ստացել է տեղեկությունը, փոխանցել է մեզ, եւ մյուս աշխատանքները պատշաճ կատարվել են: Այժմ ստուգումներն ավարտված են, սպասենք տեղեկությունների հրապարակմանը, բայց կարող եմ ասել, որ խուճապ չկա, մարդկանց տարհանման աշխատանքները կատարվել են շատ նորմալ»,-նշեց նա:

 

ԸՆԿԵԼ Է ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, որն իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։

Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

 

ԱՆՄԱՍՆ ՉԻ ԹՈՂՆԻ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ այս հակամարտության շուրջ ստեղծված հուզական ֆոնը կկարգավորվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առեւտրի շուրջ ստեղծված միջադեպը: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարումը չի կարող մեր այդ քաղաքացիներին անմասն թողնել, եւ, իհարկե, նրանք զգայական կերպով արտահայտում են իրենց արձագանքը»,-նշել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանում մեծ թվով հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, եւ նրանք բոլորը հանրության հարգարժան անդամներ են։

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն կողմերին զսպվածության, հրադադարի եւ բռնության ցանկացած դրսեւորում դադարեցնելու կոչ է արել։




Լրահոս