ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի մեքենայի պայթեցման գործը մտավ դատարան: 2019 թվականի օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել, փորձել էին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավորի մեքենան: Գործով երեք անձ կալանավորվեց, եւ, ահա, գործը մտել է դատարան: Նկատենք, որ նախաքննական մարմինը երկար ժամանակ քննություն էր իրականացնում պարզելու, թե ովքեր են պատվիրատուները, սակայն գործով կալանավորվածները այդպես էլ չասացին, թե ովքեր են եղել իրենց պատվիրատուները, եւ ադպես էլ պատվիրատուները մնացին չբացահայտված:
Այսպիսով, գործով կալնավորված Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռեւս գործով չպարզված անձի պատվերով, Ջեմսիկ Մարտիրոսյանի, Պետրոս էլբակյանի եւ գործով ինքնությունները չպարզված անձանց հետ կազմակերպված խմբի կազմում երկու եւ ավելի անձանց՝ Մելիք Մանուկյանին, Մարկոս Մարկոսյանին եւ Վահան Եղիազարյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու՝ ապօրինաբար կյանքից գրվելու դիտավորությամբ, 2019 թվականի օգոստոսի 02-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ՝ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ տեղադրված ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարքով պայթեցրել են տվյալ հատվածում երթեւեկող, «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատկանող, Մելիք Մանուկյանի կողմից շահագործվող «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի եւ նրան ուղեկցող, Կարեն Պավլուշի Ղազախյանին պատկանող «Նիսսան Պատրուլ» մակնիշի, 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, սակայն իրենց կամքից անկախ հանգամքներով հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն հիշյալ ավտոմեքենաները, որի արդյունքում «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատճառվել է 1.191.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Կարեն Ղազախյանին՝ 1.513.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ջեմսիկ Մարտիրոսյանին եւ Պետրոս Հակոբի Էլբակյանին եւս նույն մեղադրանքն է առաջադրվել, որ վերջիններս գործով չպարզված անձի պատվերով, գործով ինքնությունները չպարզված անձանց հետ կազմակերպված խմբի կազմում երկու եւ ավելի անձանց Մելիք Մանուկյանին, Մարկոս Մարկոսյանին եւ Վահան Եղիազարյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2019 թվականի օգոստոսի 02-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15֊րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ տեղադրված ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարքով պայթեցրել են տվյալ հատվածում երթեւեկող «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատկանող, Մելիք Մանուկյանի կողմից շահագործվող «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի եւ նրան ուղեկցող, Կարեն Պավլուշի Ղազախյանին պատկանող «Նիսսան Պատրուլ» մակնիշի, 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել:
Վնասվել են միայն հիշյալ ավտոմեքենաները, որի արդյունքում «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատճառվել է 1.191.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Կարեն Ղազախյանին՝ 1.513.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Գործը մակագրվելէ Կոտայքի մարզի դատավոր Գոռ Շահբազյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
2020թ. հուլիսի 14-ին «Էրեբունի» բկ-ից ահազանգ է ստացվել, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին եւ ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի եւ ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի Սարի Թաղի 27-ամյա բնակիչը: Հայտնաբերվել եւ առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, եղել են արնանման հետքեր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Երեւան քաղաքի Սարի Թաղի 39-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 14-ին Սարի Թաղում հրազենային վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի 27-ամյա բնակչին: 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԿԱ
Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մինչ այս պահը որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Միջադեպի մասնակից Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը եւ օգնական Անդրանիկ Մինասյանը հարցաքննվել են վկայի դատավարական կարգավիճակով։ Նշենք, որ գործով տուժող, թաղապետարանի պաշտոնյաների կողմից ենթադրյալ բռնության ենթարկված Գեւորգ Պողոսյանի փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումից հետո վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը եւ նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը դարձյալ ճնշումներ են գործադրել իր նկատմամբ եւ սպառնացել։
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր-գործավար Գեւորգ Պողոսյանը հունիսի 18-ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել եւ հայտնել, որ հունիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը եւ օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
«Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին եւ ժողովրդին»,-նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:
Չնայած Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա, եւ ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միեւնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում եւ հատկապես այն զորամասերում, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին եւ պաշտպանելու երկրի սահմանը»,- հայտնել է Շ. Ստեփանյանը:
21
Նախօրեին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Պարզվել է, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել սպանության, խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել էր 2018թ.: Տղամարդը հայտնել է, որ երկու օր առաջ մորը սպանել էր կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել էր պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։ Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։