ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մի մասն ավելացրել է հարկային վճարումները, իսկ մի մասն էլ՝ նվազեցրել, մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին հնգյակում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-հունիսին զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը): Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամի հարկային վճարումներ, հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է տեղավորվել, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցրել է ցանկի 3-րդ տեղը՝ վճարելով 22 մլրդ 794 մլն 377 հազար դրամ: Այսինքն՝ 3 մլրդ 184 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Հաջորդը «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Այս տարվա հունվար-հունիսին ընկերությունը կատարել է 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամի հարկային վճարումներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսայակում հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 29 մլրդ 504 մլն 850 հազար դրամի հարկային վճարում: Ստացվում է, որ մեկ տարում ընկերությունը 7 մլրդ 875 մլն դրամով պակասեցրել է հարկերը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հանքարդյունաբերական այս ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:
Հազար խոշորների ցանկի 4-րդ հորիզոնականում դարձյալ հանքարդյունաբերող ընկերություն է՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ վճարած 12 մլրդ 771 մլն 18 հազար դրամ հարկով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընկերությունը շեշտակի ավելացրել է հարկային վճարումները՝ 3 մլրդ 643 մլն 474 հազար դրամով: Իսկ, ահա ցանկի հինգերորդ հորիզոնականում է տեղ գտել բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս Օիլ» ընկերությունը: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամի հարկ ու տուրք: Իսկ, ահա, անցած տարվա նույն ժամանակահատվածում նշված ընկերությունը կատարել է 5 մլրդ 122 մլն 286 հազար դրամի հարկային վճարում:
Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է խոշորների ցանկում տարեցտարի նահանջում: Այս ընկերությունը տեղ չի գտել առաջին հնգյակում՝ հայտնվել է ցանկի 9-րդ տեղում եւ վճարել 6 մլրդ 936 մլն 581 հազար դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է 6-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել 7 մլրդ 793 մլն 184 հազար դրամի վճարում:
Այս ամենի արդյունքում արձանագրենք, որ մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող: Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը այդպես էլ չի զարգանում: Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար:
Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Ասել է թե՝ քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ԽՈՇՈՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել գազի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի որոշումը: Բնակիչ-սպառողների համար բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ խոշոր սպառողների համար գազը թանկացել է:
Այսպիսով, բնական գազի համար սահմանված են հետեւյալ սակագները. սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը կազմում է 100 հազար դրամ՝ տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ-ի դիմաց: Այսինքն՝ մինչեւ 600 խորանարդ մետր սպառման համար նպաստառուները կվճարեն 1 մետր խորանարդի դիմաց 100 դրամ, դրանից ավելի դեպքում՝ 139 դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը բարձրացել է: Նրանք նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ-ի դիմաց:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող ընկերությունները՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Մյուս բոլոր խոշոր սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար, սահմանվել է 139 հազար դրամ/հազար խմ-ի համար, եւ 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել երեկվանից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից:
ՍԿՍՎԵԼ Է ՀՐԵՏԱԿՈԾՎԱԾ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
Բերդ համայնքի մաս կազմող սահմանամերձ Այգեպար գյուղում հուլիսի 18-ից սկսվել է ադրբեջանական հրետակոծությունից վնասված 5 տների վերանորոգման գործը։ Այդ մասին հայտնեց խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա ասաց, որ առաջնահերթ նորոգվում են այն տները, որոնց վերանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու անհրաժեշտություն չկա, կամ դրանց նորոգումը կատարվում է փոքր նախագծերով։ Հրետակոծված տները նորոգվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ, նաեւ բարեգործական աջակցության հաշվեհամար է բացված։ Այգեպարի տների վերանորոգման կազմակերպման գործով զբաղվում է Տավուշի մարզպետարանը։ Բերդ համայնքի ղեկավարն ասաց, որ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով Այգեպար գյուղում վնասվել է շուրջ 40 տուն, 5 տուն վնասվել է ՆԵրքին Կարմիրաղբյուրում, նույնքան տուն՝ Չինարիում։ Բերդ համայնքի ղեկավարն ասաց՝ իրենք համայնքի միջոցներով կնորոգեն նախադպրոցական կրթական հաստատության շենքը։
ՏՂԱՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ
Հրապարակվել են Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ առաջին հայտով ընդունված դիմորդների ցուցակները, առաջին հայտով ընդունվել է 198 դիմորդ, հետագայում բուհ ընդունվածների թիվը կավելանա։ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ Իջեւանի մասնաճյուղ ընդունված 14 դիմորդներից 4-ն է տղա, «Հոգեբանություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 11 ընդունվածների մեջ տղա չկա, «Ֆրանսերեն լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ ընդունված 2 դիմորդն էլ աղջիկներ են, «Անգլերեն լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 19 ընդունվածներից մեկն է տղա, «Ռուսաց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 4 ընդունվածները աղջիկներ են, «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 15 ընդունվածների մեջ տղա չկա, «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 18 ընդունվածների մեջ նույնպես տղա չկա, «Պատմություն» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 11 ընդունվածներից 5-ը տղա է, «Ֆինանսներ» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 29 ընդունվածներից 10-ը տղաներ են, «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ վճարովի ուսուցմամբ 19 ընդունվածներից 9-ը տղաներ են։ Տղաների եւ աղջիկների քանակի հարաբերակցության նման պատկեր է նաեւ նշված մասնագիտություններով անվճար ուսուցմամբ ընդունվածների պարագայում։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը հիմնականում պատրաստում է մանկավարժական կադրեր, հանրակրթական դպրոցների ուսուցիչների ցածր աշխատավարձը չի հրապուրում տղաներին, որպեսզի բուհ ընդունվելով՝ հետագայում մանկավարժ դառնան։ Այդ պատճառով Տավուշի մարզի դպրոցներում քիչ են երիտասարդ տղամարդ ուսուցիչները, ինչը բացասաբար է անդրադառնում տղա աշակերտներին տղամարդ դաստիարակելու գործին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ