ՀՐԴԵՀ ՀԷԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված «Ձ-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:33-ին: Այրվել են  երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ. յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան եւ փայտյա մանրահատակից մոտ 0.5 քմ հատված: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները եւ «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը:

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

«Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է»,-հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Հիշեցնենք, որ երեխան տեղափոխվել էր Երեւան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ՝ միացված արհետական շնչառության սարքին։ Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ նման դեպքերից խուսափելու համար։

 

ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ 

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Բացի այդ, իրականացրել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝

տեխնիկական բնույթի խնդիրներ,

իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարեւորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ արձանագրում է, որ կարեւոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

 

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը հրապարակել է առաջիկա չվերթների ցանկը: ««Արմենիա» ավիաընկերության ծրագրավորվող չարթերային չվերթները.

27/07 Երեւան- Կալուգա-Երեւան; 29/07 Երեւան-Նովոսիբիրսկ-Երեւան; 30/07 Երեւան-Վորոնեժ-Երեւան; 30/07 Երեւան-Մինվոդի-Երեւան; 03/08 Երեւան-Բեյրութ-Երեւան»:

 




Լրահոս