Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը պահպանվում է մինչ օրս: Այս ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար օգտագործում է տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի: Հակառակորդի հրետակոծության թիրախում են հայտնվել հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերը: Հրադադարի խախտման հետեւանքով զոհվել են 4, վիրավորվել 36 զինծառայող եւ մեկ քաղաքացի:
«Ժողովուրդ» օրաթերթը հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին խոսել է դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշում է, որ հայկական բանակը պետք է միշտ զգոն լինի, քանի որ թշնամին դավադիր է եւ նենգ. «Մենք պետք է միշտ զգոն լինենք: Ադրբեջանը նույն թուրքն է եւ միշտ էլ այդպիսին է եղել, եւ մենք միշտ էլ զգոն ենք եղել, եւ դա մեզ համար նորություն չէ, եւ այն, ինչ եղավ, առաջին դեպքը չէր, եւ փառք ու պատիվ մեր մեծ ու հզոր միասնական Հայոց բանակին: Հետեւանքները ինքներս տեսանք, թե ինչպես հերթական անգամ ասկյարը ենթարկվեց դաժան ծեծի, եւ սա դեռ սկիզբն է, ես համոզված եմ: Մենք բոլոր պահերին պետք է պատրաստ լինենք, ու, փառք Աստծու, պատրաստ ենք»:
Հարցին, թե հնարավոր է այս գործողությունները ստանան լայնածավալ բնույթ, մեր զրուցակիցն ընդգծում է, որ ոչինչ չի բացառվում:
«Նախ՝ Աստված մի արասցե, որ գործողությունները ավելի լայնածավալ բնույթ կրեն, եւ ես համոզված եմ, որ խոսում եմ բոլոր հայերի անունից, բայց ամեն դեպքում մենք բոլորս, որքան որ մեզ կարելի է իմանալ, մեր Հայոց բանակը ամեն ինչի պատրաստ է, յուրաքանչյուր հակահարված տալու եւ յուրաքանչյուր հաղթանակ տանելու: Շատ կարեւոր է գիտակցել ու միշտ իմանալ, որ մեր բանակը ոչ միայն հակահարված տալու կամ զուտ պաշտպանական բանակ է, այլ նաեւ գրոհող է: Մենք նաեւ նոր տարածքներ ազատագրող եւ դաժան պատիժ տվող ենք»,-շեշտում է դերասանը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, Արտյոմ Մարկոսյանի կարծիքով` դա մեզ համար այնքան էլ զարմանալի չպետք է լիներ, քանի որ մեծ քաղաքականության մեջ բոլորն ունեն իրենց բազմապիսի շահերը:
«Ես ինքս քաղաքագետ չեմ եւ խորացած չեմ այդ մասնագիտության մեջ, բայց որքան որ հետեւել եմ, որքանով որ իմ իմացությունն ու գիտակցությունն ինձ ներում է, նրանց այդ դիրքորոշումը նորություն չէ: Այդ միջազգային կառույցները, Եվրոխորհուրդները մեզ համար նորություն չեն, այնքնան էլ սպասելի չէր, որ պետք է կոշտ արձագանք տան Ադրբեջանին: Դա քաղաքականություն է, դա միջազգային դիվանագիտություն է, եւ մենք բոլորս պետք է պարզ հասկանանք, որ դա մեծ քաղաքականություն է, որի մեջ բոլորն ունեն իրենց տեսակ-տեսակ բազմապիսի շահերը: Այստեղ ամենակարեւորն ի՞նչն է. որ մենք մեր հերթին, մեր տեղում լինենք՝ ամուր, պինդ եւ համախմբված: Դա ամենակարեւոր գրավականն է, քանի որ միայն այդ դեպքում. որքան էլ հեղհեղուկ լինեն միջազգային կարծիքները, ոչ շատ խիստ եւ սաստող գնահատականները, մեկ է, նրանք հասկանում են, որ հայ ազգը միասնական, ամուր եւ ուժեղ է: Նրանց կոտրել հնարավոր չէ, եւ կարծում եմ՝ այդ փաստը շատ մեծ գործոն է կազմում: Եթե այս ամեն ինչը, որ այսօր կա, շարունակական բնույթ կրի, եւ նույն միջազգային հանրությունը տեսնի, որ մեզ՝ որպես միասնություն, ջլատել հնարավոր չէ, վաղ թե ուշ այդ արձագանքն էլ են տալու, եւ եթե տեսնեն, որ մենք ծեծ տալը շարունակում ենք, մի օր էլի պետք է փրկե՞ն Ադրբեջանին, թե ոչ: Միշտ նրանք ինչ-որ մի բան բզբզացել են, հետո մենք շան սատակ ենք արել, հետո նրանք էլի դիմել ենք միջազգային կառույցներին պաշտպանության համար: Ես կրկին անգամ իմ, մեր բոլորիս անունից մեր թշնամիներին ասում եմ` մի բզբզացեք, քանի որ դա ձեզ միայն վնաս է տալու, եւ երբեք չմոռանաք, թե ով ենք մենք` հայերս»,-ընդգծում է նա:
Մեր այն դիրքորոշմանը, թե սահմանային լարված իրավիճակում ներքաղաքական խմորումները շարունակվում են անխուսափելի լինել, մեր զրւցակիցը պատասխանում է, թե այն, ինչն այսօր կատարվում է մեր երկրում, դրանք ներընտանեկան հարցեր են, իսկ հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից:
«Ընտանիքում էլ, չէ՞, խնդիրներ են լինում, հարթվում են: Լավ էլ մեր ժողովուրդը միասնական են, եւ մենք մեր ամբողջ պատմության ըընթացքում համոզվել ենք, որ հենց Հայաստանի Հանրապետությանը, սահմաններին վտանգ է սպառնացել մենք բոլորս դառնում ենք մեկ բռունցք եւ հարցը միանգամից լուծում ենք, ո՞վ է ասում՝ միասնականություն չկա, շատ լավ էլ կա: Մենք երկրի ամենակարեւոր հարցում` հայրենիքի, պետության պաշտպանության հարցում միասնականությունը կա, իսկ մնացած հարցերում, իհարկե, էլի խնդիրներ են, բարդ խնդիրներ են, բայց դա մեր ներքին լուծելիք խնդիրներն են, եւ երբեմն պետք է պարզապես տեսախցիկն անջատել ու լուծել այդ խնդիրները մենք մերոնցով: Այնպես որ, միասնականությունը չկան մասնավորապես հայրենիքի պաշտպանության եւ հայրենիքի հաղթանակների գործում բացառվում է: Մենք միշտ միասնական ենք եղել ու լինելու ենք»,-եզրափակում է Արտյոմ Մարկոսյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ ՍԱՆԱՀԻՆ». ՅՈՒԼԻԱ ՖԻՆԿ
Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարհն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված դերասանուհի Յուլիա Ֆինկի հետ:
«Այս պասիվ հանգստի սիրահար եմ եւ շատ եմ սիրում ծով, որովհետեւ ջուրն ինձ համար ամենաբուժիչ հատկությունն ունի: Իհարկե բնությունն էլ եմ սիրում, մանավանդ խիտ անտառները: Բնության մեծ կարծես հոգիդ հանգստանում է, ազատվում է առօրյա խնդիրներից, բուժվում է: Այս տարի, հայտնի պատճառներից ելնելով, չենք կարող ծով գնալ, բայց երեւի թե կփորձենք երեխաների հետ. ինչքան որ հնարավոր է. Հայաստանի ներսում շրջել»,-նշում է Յուլիան:
Դերասանուհու խոսքով` նրանք ամառային հանգիստը որոշ ժամանակով կանցկացնեն Ստեփանավանում, քանի որ այնտեղի եղանակն ու օդն ավելի բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ երեխաների վրա:
«Ինչպես նաեւ շատ եմ ուզում գնալ Սանահին, քանի որ այնտեղ շատ հին եւ գեղեցիկ եկեղեցի կա»,-հավելում է մեր զրուցակիցը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2 ՀԱՐՎԱԾ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ
Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում։ Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, որից 1-ն ավարտվել է դարպասի գրավմամբ: Նրա 31 փոխանցումից թիմակիցներին հասել է 83.9 տոկոսը։ 31-ամյա ֆուտբոլիստը կատարել է 5 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները չի խախտել։ Նրա դեմ գրանցվել է 2 խախտում։ Արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7.42 գնահատականը՝ հետ մնալով միայն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյից, որը ստացել է 7.62 գնահատական:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ խաղադաշտում 82 րոպե անցկացրած Մխիթարյանը 57-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
ԶԻԴԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե ինչու էր թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դուրս մնացել Լա Լիգայի 38-րդ տուրի «Լեգանեսի» դեմ հանդիպման հայտացուցակից: «Բեյլի բացակայությունը տեխնիկական որոշում էր: Որեւէ այլ խնդիր չկա»,-ասել է Զիդանը: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Վերջին անգամ ուելսցի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հունիսի 24-ին:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մարզչական աշխատանքի կանցնի Իսպանիայի առաջնությունում: Marca-ի հաղորդմամբ՝ իսպանացի մասնագետը համաձայնության է եկել «Վիլյառեալի» հետ եւ առաջիկայում պայմանագիր կկնքի իսպանական ակումբի հետ: Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր նախորդ տարվա դեկտեմբերին: Ավելի վաղ 48-ամյա մասնագետը գլխավորել է «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սպարտակը», «Սեւիլիան» եւ ՊՍԺ-ն:
ԿԱՐՈՂ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ
Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ: The Athletic-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը մոտ է 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գալուն: Կայ Հավերցի հետ բանակցություններ վարում է անձամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: