Ինչու է դատապարտյալը կարել աչքերի կոպերը. ԱՆ պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնավնասում անելու դեպքի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշվում է.

«Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների եւ այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաեւ ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի եւ այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։

Հետազոտության արդյունքներով վերջինիս մոտ արձանագրվել են առողջության հետ կապված խնդիրներ, որպիսիք վերացնելու համար անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն չի եղել, ինչի պատճառով նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հետագա բուժօգնությունը սահմանված ընթացակարգով կազմակերպելու նպատակով։

Իրեն հիվանդանոցում չպահելը ենթադրաբար պայմանավորելով քրեակատարողական ծառայողների կողմից բուժանձնակազմի նկատմամբ կիրառված ճնշմամբ` Հայկ Գալստյանը, շանտաժային-դեմոնստրատիվ շարժառիթից ելնելով, քրեակատարողական հիմնարկում կարել է աչքերի կոպերը, միաժամանակ հիմնարկի տաքսաֆոնից զանգահարել լրատվամիջոցներից մեկին եւ ՔԿՀ-ի պետին ու մյուս քրեակատարողական ծառայողներին վերագրել ենթադրյալ չարաշահման դեպքեր։

Նույն օրը ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ա. Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպվել է դատապարտյալի անձնական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս սպառիչ պարզաբանումներ են ներկայացվել բժշկական օգնության ընթացակարգերի մասին, միաժամանակ նրան առաջարկվել է ներկայացնել պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ իրեն հայտնի բոլոր փաստական տվյալները։

Հայկ Գալստյանը հանգամանալից պարզաբանել է ինչպես ինքնավնասման, այնպես էլ քրեակատարողական ծառայողներին ենթադրյալ չարաշահումներ վերագրելու իր շարժառիթները` հայտարարելով, որ առերեւույթ հանցանքների հատկանիշներ պարունակող արարքների մասին իրականում որեւէ փաստական տվյալ չունի եւ իր հայտարարությունները պայմանավորված են եղել բացառապես իրեն տրամադրվող բժշկական օգնության գործընթացի կազմակերպման ձգձգումներով։

Նույն օրը Հայկ Գալստյանն անձամբ քանդել է կոպերի կարերը։




Լրահոս