Արցախում միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք հարկադրված կլինեն 1-2 օր ինքնամեկուսանալ։ Սա բխում է ԱՀ պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի՝ այսօր ստորագրած որոշման պահանջներից։
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ստորագրել է որոշում, որով փոփոխություն է կատարվել ապրիլի 13-ի N1, ինչպես նաև փոփոխություն եվ լրացում է կատարվել ապրիլի 20-ի N8 որոշումների մեջ, հայտնում է «Արցախպրես»-ը:
Փոփոխության շահառուները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող հարկային մարմնում հաշվառված անձինք են, որոնց ելքը հանրապետությունից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ: Մասնավորապես, տվյալ անձինք կամ սուբյեկտները գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ ելքի բազմակի թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը, քննարկելով դիմումները, ներկայացված տեղեկությունները հավաստի համարելու դեպքում այդ անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է Պարետին՝ նրանց ելքը թույլատրելու միջնորդությամբ: Միջնորդությունը բավարարելու դեպքում Պարետը ելքը թույլատրելու մասին համապատասխան ցուցում է տալիս ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին: Իսկ վերադառնալուց, սահմանային անցակետում նրանցից նմուշառում է իրականացվում թեստավորման նպատակով: Դրանից հետո տվյալ անձինք ինքնամեկուսանում են ոչ թե 14, այլ 1-ից 2 օր՝ մինչև ՊՇՌ թեստի պատասխանի բացասական լինելու մասին ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծանուցվելը: