«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»:
Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ այն հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, ինչպես նաեւ գույքահարկի եւ եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։
Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, կա առաջարկ թեթեւ «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձեւակերպումային, քան բովանդակային բնույթ։
Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու հետ կապված քննադատությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։