Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գործողությունների դեմ հարուցված քրեական գործը կարճվեց: ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ քրեական գործը կարճվել է ապացույցների եւ հանցակազմի անբավարարության հիմքով:
Ինչպես հայտնի է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել էր քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հարցաքննվել էր Քննչական կոմիտեում:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի առկայությունը, սակայն շարունակում է պնդել, որ որեւէ ծեծկռտուք չի եղել: «Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել»: Ու մինչ վարչական շրջանի ղեկավարը հերքում էր, նախաքննական մարմինը կոնկրետ քայլերի է գնում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինն առգրավել է թաղապետարանի շենքի տեսախցիկները, որտեղ երեւում է, թե ով է թաղապետարանի աշխատակիցներից անցնում եւ, ով կարող է հնարավոր ծեծի մասին տեղյակ լինել: Եվ ահա, այս ամենի արդյունքում, մեկը մյուսի հետեւից Շենգավիթի քննչական էին հրավիրվում թաղապետարանի աշխատակիցներ:
Հավելենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն, ինչպես նկատեցինք ,թաղապետը ջրից չոր դուրս եկավ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան