Գյումրիում բնակարանային շինարարությունը չի դադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է գյումրեցիների խոսակցության հիմնական թեման է դարձել “Գլենդեյլ Հիլզ” ՓԲԸ –ի կողմից իրականացվող բնակարանանային շինարարության աշխատանքների հոկտեմբերի 1-ից դադարեցման մասին լուրերը: Երկրորդ օրն է բազմաթիվ խուճապահար գյումրեցիներ զանգում կամ այցելում էին մեր և մարզային հեռուստաընկերությունների գրասենյակներ այդ լուրը ճշտելու համար: Բարեբախտաբար շինարաությունը դադարեցնելու մասին մտավախությունները այս անգամ անհիմն էին: Շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին խոսակցությունները հերքեց նաև ՀՀ քաղշին նախարար Վարդան Վարդանյանը, ով այսօր բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու նպատակով գտնվում է Գյումրիում: Ավելացնենք, որ ՀՀ կառավարության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիի “Մուշ–2” թաղամասում մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու 1544, իսկ “Անի” թաղամասում՝ 212 բնակարան: Այս պահին դեռևս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից 1051-ը բնակբաշխման 1-ին փուլում` 2010 թ.-ին ստացան բնակարաններ, իսկ ներկա դրությամբ բնակբաշխման հանձնաժողովին է հանձնվել մոտ 2290 գործ, որից ընթացիկ տարում բնակարան կստանան միայն 1756-ը, իսկ հերթացուցակում հաշվառված մնացած անօթևան ընտանիքններին բնակարաններով ապահովելու խնդրին ՀՀ իշխանությունները խոստացել են անդրադառնալ հաջորդ տարի:




Լրահոս