Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Այգեզարդ համայնքի տարածքում: Առավոտյան ընկերոջ հետ դուրս են եկել վազելու դեպի սար, հետ վերադառնալու ճանապարհին Մուշեղը որոշել է ոռոգման համար նախատեսված ջրավազանում լողալ, որը բավականին խորն է: Նա էլ լողալ չի իմացել ու խեղդվել է : Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գինեվետ համայնքի ղեկավար Միսակ Սանթոյանը:
«Ընկերը հետեւից մտել է ջուրը, փորձել է փրկել բայց արդեն ուշ է եղել, նրան էլ հազիվ են դուրս հանել, այնտեղից շատ դժվար է դուրս գալը, քանի որ բասեինը թեքության վրա է, եւ բասեինի տակը տոպրակներն են»,-նշեց նա:
Համայանքի ղեկավարի խոսքով՝ ջրահեղձված տղայի ընտանիքն ապրում է ծայրահեղ չքավորության մեջ:
«Տարիներ առաջ ընտանիքում եւս մեկ երեխայի մահվան դեպք է եղել, ունի երկու քույր, մեկն ամուսնացած է, մեկը դեռ փոքր է: Ծնողներն աշխատում են դպրոցում՝ պահակ, հազիվ օրվա հոգս են հոգում: Էս 15 տարի է փորձում են տուն սարքել»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։
Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ):
Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից։
Լիդա Եղիազարյան