Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակվելու հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 5 հայեր, իսկ ըստ նախնական տեղեկատվության համաձայն, ձերբակալվել են մոտ 50 ադրբեջանցիներ: Հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիների ու հայերի միջեւ բախումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր քաղաքներում, երեկ Մոսկվայում տեղի ունեցածը հենց այս դեպքերի շարունակությունն է: Ադրբեջանցիների բանդան հարձակվել են հայերի, հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա, վնասել դրանք:
ArmLur.am-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե Մոսկվայում լարված իրավիճակը երեկ չի առաջացել, իսկ բախումների հետևանքով հինգ տուժած հայերից մեկն էլ դանակահարվել է եւ ստացել լուրջ վնասվածքներ:
Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք նախորդ գիշեր վերահսկողություն են իրականացրել Մոսկվայի տարբեր վայրերում եւ կարծիք հայտնեց, թե հնարավոր է այս գիշեր եւս նման անհրաժեշտություն լինի: Սակայն Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը խորհուրդ է տալիս չտրվել սադրանքների:
Մեր զրուցակիցը պատշաճ իրավական գնահատական է ակնկալում երեկ Մոսկվայում տեղի ունեցածի մասով: Նա նկատեց, թե հետևողական են լինելու, որպեսզի տեղի ունեցած դեպքերին տրվի իրավական ճիշտ գնահատական, այլ ոչ թե սահմանափակվեն միայն այն որակելով որպես խուլիգանական դրսևորում:
Հավելենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։