Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը Ազգային ժողովի նախագահին հնարավորություն կտա ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել էթիկայի կանոնները խախտած պատգամավորին:
Ըստ այս օրենքում փոփոխությունների, ընդլայնվելու են էթիկայի հարցերով հանձնաժողովի լիազորությունները: Նկատենք, որ մինչ այժմ էթիկայի հարցերով հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցի կիրառման չէր հանգեցնում, անգամ Ազգային ժողովում քննարկման առարկա չէր դառնում եւ միայն տեղադրվում էր Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Եվ իշխող խմբակցությունը սա օրենսդրական բաց է համարել, քանի որ պատգամավորին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը գործուն չէ:
Այսպիսով, էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ազգային ժողովի նախագահն իրավունք կունենա պատգամավորի նկատմամբ կիրառել հետեւյալ կարգապահական միջոցները՝
հրապարակային նկատողություն,
մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:
Այսպիսով, էթիկայի հանձնաժողովը կարող է՝
դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.
դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.
հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ
Եվ հետաքրքիր է, որ իշխող խմբակցությունը ցանկանում է ամրագրել, որ պատգամավորի նկատմամբ էթիկայի կանոնների խախտման հարցով հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք:
Նկատենք, որ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով գործել է բոլոր գումարումների խորհրդարանների ժամանակ, սակայն մշտապես ընդգծվել է, որ էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը որպես այդպիսին չի կայացել, իր հակակոռուպցիոն նշանակությունը չի կատարել: Նկատենք, որ օրինակ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացրել էր միայն «Ելք» խմբակցությունը:
Առաջարկվում էր քննել ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպը. Փաշինյանը պնդում էր, որ ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքով հարվածել է իրեն: Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնությունները ծագել էին նիստերի դահլիճում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցի քննարկման ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան