ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խառնաշփոթ «Իմ քայլ»-ի ներսում. ինչու իշխանությունը «գցեց» Արտակ Զեյնալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իշխանությունների ներսում իսկական խառնաշփոթ է ստեղծվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հետ կապված: Բանն այն է, որ կառավարության եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, իրավական թեւի համար շատ վաղուց հայտնի է եղել, որ կառավարության կողմից ՍԴ անդամի թեկնածուն լինելու է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:  Սակայն հանկարծ կառավարության նիստի ժամանակ պարզվում է, որ թեկնածուն բոլորովին այլ մարդ է, ում գրեթե ոչ ոք չի ճանաչում:

Ըստ մեր տեղեկությունների, այժմ թեժ քննարկումներ են ընթանում պատգամավորների եւ իշխանության այլ ներկայացուցիչների շրջանում այն մասին, որ փաստորեն Արտակ Զեյնալյանին «գցել են» եւ այն պահին, երբ բոլորը վստահ էին, որ Արտակ Զեյնալյանը միակ մարդն է, որը կգա ու ՍԴ-ն առաջ կտանի եւ ճգնաժամի հարցը կլուծվի, հանկարծ պարզվում է, որ թեկնածուն  Վահրամ Ավետիսյանն է: Ավելին, մեր տեղեկություններով, այս շրջադարձային փոփոխության  հետեւում իրականում կանգնած է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը  մտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ առաջարկել, որ հենց նա լինի թեկնածուն՝ ասելով, համոզելով, թե վերջինիս լավ է ճանաչում: Եվ ուշագրավ է, որ որեւէ մեկի կարծիքը չեն հարցրել եւ առաջնորդվել են միայն նախարարի խոսքերով:

Եվ մեր տեղեկություններով այժմ բոլորը տարակուսած են, թե ինչպես են խորհրդարանում փորձելու արդարացնել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, ինչպես են բացատրելու, որ նա իսկապես արժանի թեկնածու է այդ պաշտոնի համար՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մարտի 1-ի առնվազն 38 գործերով Վճռաբեկ դատարանի որոշումների տակ կա նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի ստորագրությունը:

Դավիթ Ավետիսյանը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, երբ անազատության է դատապարտվել նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման։ Ավետիսյանի վճռով 5 տարվա անազատության է դատապարտվել նաև Աշոտ Մանուկյանը, 6 տարվա անազատության է դատապարտվել Արամ Բարեղամյանը, որի վերաբերյալ վերջերս Վճռաբեկ դատարանը արդարացման դատական ակտ կայացրեց։

Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով են անփոփոխ մնացել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս