Հուլիսի սկզբին մի քանի օր շարունակ լարված մթնոլորտ էր տիրում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհին տեղի բնակիչների կողմից տեղակայած երկրորդ պահակակետի տարածքում: 2020 թ․ հունիսի 30-ին պահակակետից Ամուլսար տանող ճանապարհ և Ամուլսարի ծրագրի տարածք էին ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել էին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գույքի պահպանություն իրականացնող պահնորդական նոր ընկերության ներկայացուցիչներ։
Եվ ահա բնապահպան Լևոն Գալստյանը հայտնում է, թե այս պահի դրությամբ միայն երկու ընկերությունների մասին է առկա տեղեկություն, որոնք կարող են պահնորդություն իրականացնել Ամուլսարի տարածքում: Մեկը «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն է, իսկ մյուսը շինարարական՝ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ -ն։
Եվ ահա այս ընկերությունների մասին հետաքրքիր տեղեկություններ են առկա. նախ այս երկու ընկերություններն էլ հիմնադրվել են 2017թ-ին ու 3 տարի է գործում են։ Սակայն հետաքրքիր է, որ «Զինվորների ապահովագրման հիմնադրամ»-ին գրեթե պարտադիր վճարումներ չեն արել: Այսպես․
«ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն վճարել է միայն 6000 դրամ 2020թ-ի մայիս ամսին՝ ինչը նշանակում է, որ դրանից առաջ աշխատողներ չի ունեցել ընդհանրապես կամ չի վճարել նրանց համար կամ գործել է չգրանցված աշխատակիցներով: «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը, ով 2018թ.ին ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում:
Իսկ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն վճարումներ ունի արած միայն 2017թ-ին՝ 2000 դրամ և 2018թ-ին՝ 4000 դրամ։ 2019 և 2020 թվականներին ոչ մի վճարում չկա արված։ Սա նույնպես նշանակում է այն, ինչ նախորդ ընկերության դեպքում:
Ն.Հ․