ՖՈՏՈ. Տեսակով աշուն եմ եւ ինձ բնորոշ են տաք գույները. Լուիզա Ներսիսյանը` նախընտրելի ոճի, դստեր հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված դերասանուհի Լուիզա Ներսիյանի հետ ArmLur.am-ը զրուցել է նախընտրելի ոճի եւ գույների, ինչպես նաեւ համավարակի շրջանում զբաղվածության մասին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նախ պատմել է, թե համավարակով պայմանավորված այս ամիսների ընթացքում ինչ զբաղվածություն է ունեցել:

«Այս  ամիսների ընթացքում հաճույքը, հանգիստն ու  մասնագիտությունը կարողանում էինք համատեղել եւ  վայելել տանը: Այսինքն` բացի նրանից, որ տան պայմաններում հասցնում էինք ֆիլմեր նայել,  օրը բաշխել մեր հաճույքի համար, դրանից զատ նաեւ աշխատում էինք: Նկարահանում էինք Հրանտի հեքիաթները, ես ուղիղ եթեր էի մտնում, անում էի բնական զրույց, որի շարքը կոչվում էր «ՄոնոԼուիզա»: Մի խոսքով` այդպես բավականին  հետաքրքիր երեք ամիս ենք ունեցել, դրա հետ մեկտեղ հասցրել ենք հանգստանալ, քանի որ չկար շատ վազվզոց, այլ կար կոնկրետ մի վայրում տարբեր մթնոլորտներ ստանալը՝ աշխատանքայինի, հանգստի եւ տան»,-նշում է Լուիզան:

Դերասանուհու հետ միասին քննարկել ենք նաեւ նորաձեւության իր պատկերացումների մասին. «Ես ավելի շատ տրամադրության մարդ եմ, չկա հատուկ շեշտադրում, բայցեւ չեմ կարող ասել, որ եթե  շեշտադրումը դնում եմ հագուստի վրա, ապա հոգեւոր բավարարվածությունս դնում եմ մի կողմ, դա միասին զուգակցվում են, քանի որ ինձ համար շատ կարեւոր է եւ’ ներքին ներդաշնակություն ունենալը, եւ’  դրա հետ զուգահեռ արտաքինով ներկայանալի լինելը: Երբեք որեւէ մեկը դոմինանտ չի եղել , բոլորը իմ եսի մասնկիներն են կազմում, որոնց բոլորին ուշադրություն եմ դարձնում, իսկ այդ ոճայինությունը պայմանավորված է նրանով, թե ինչ նախագծում եմ հանդես գալիս  ու դա չի նշանակում, որ ենթադրենք խանութ գնալուց  մտածում եմ լինել շատ ոճային կամ սնդուսափայլ, կամ որեւէ այլ բան, այսինքն խանութ գնալն ունի իր մեջ միտում, որ պետք է լինի հարմարավետ, որ ինձ լավ զգամ, նախագծի մեջ, եթե պահանջում են սնդուսափայլ, ապա կլինեմ այդպիսին, եթե թատրոնում պետք է լինեմ էմոցիոնալ, ապա կլինեմ էմոցիոնալ, զգացմունքային»:

Մեր զրուցակցի կարծիքով` նորաձեւ բառն ինքնին նրան արդեն փակում է, քանի որ այն իրը, որը պատրաստվում է յուրաքանչյուր անձ կրել, ունի առանձնահատուկ էներգետիկ դաշտ, որը նորաձեւության հետ որեւէ կապ չունի:

«Դու իրը կրելուց պետք է զգաս այն, այսինքն` այն քո շարունակությունն է դառնում , քո ընդհանուր տեսակի շարունակությունն է: Եթե իմ ընտրած լուքի հետ ինքը համահունչ է անկախ նրանից նորաձեւ է, թե ոչ ես այդ իրի նկատմամբ ունեմ հատուկ վերաբերմունք, եւ այստեղ չեմ տարանջատում ոսկի է, արծաթ, մետաղ, թե փայտ, էականը նյութը չէ, կարեւորը համադրությունն է: Հետեւում եմ համաշխարհային նորաձեւությանը որպեսզի լինեմ ինֆորմացված, իհարկե լինում են էլեմենտներ, որ վերցնում եմ, բայց այդպես կուրորեն հետեւելը գտնում եմ, որ սխալ է, քանի որ ամեն մարդ անհատականություն է, եւ այդ դեպքում  նա, պարզապես կկորցնի դա եւ կընկնի նույնականացումների հետեւից , կկորցնի  շատ կարեւոր գույներ իր տեսակից: Այսինքն` տենդենցներին հետեւում եմ եւ ի շահ ինձ եմ օգտագործում»,-նկատում է նա:

Ըստ Լուիզա Ներսիսյանի` մարդիկ բաժանվում են 4 եղանակի , եւ նա այդ եղանակներից` տեսակով աշունն է. «Ես ավելի շատ տեսակով աշուն եմ , սիրում եմ աշնանային պաստելային գույները: Իմ կարծիքով յուրաքաչյուր գույնի մեջ կան տաք ու սառը երանգներ, բայց ինձ ավելի բնորոշ է տաք գույները, չկա մի գույն որն ինձ համար շատ սիրելի է, սիրում եմ բոլոր գույները, բայց ընտրում եմ դրանց միջից այն երանգները, որոնք տաք են, որոնք  ճիշտ կսազեն իմ տեսակին»:

Հարցին` ինչ խորհուրդներ է տալիս  դստերը հագուստի ընտրության հարցում  Լուիզան ընդգծում է, որ առհասարակ խորհուրդներ եւ ուղորդումներ տալ չի սիրում:

«Ես ընդհանրապես խորհուրդներ տալ չեմ սիրում, դստերս հետ էլ ուղղակի զրուցում ենք , թողնում եմ իրեն ազատ, ինքն այդ զրույցից ինչ քաղեց դա էլ ուրեմն պետք է  անի, ուղղակի շատ զրուցում ենք, բայց կոնկրոտ խորհուրդ տալ, ուղղորդել ո’չ մի բնագավառում, ո’չ մի թեմայով չեմ անում»,-հավելում է  դերասանուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս