Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։
«Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։
Խնդրում ենք. ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել, մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները։
Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։
Արտակարգ իրավիճակներում անմիջապես կապ հաստատել․
Ուկրաինայի ոստիկանության մարմինների (102), Ուկրաինայի հայերի միության ( 0800503311), Ուկրաինայում ՀՀ դեսպանության (0442349005) կամ՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության (0487039176) հետ»։