Նոր քրեական գործ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ: Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015թ. խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:
Եվ ահա, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չէր հայտնել, թե կոնկրետ ՀՀ ֆինանսների որ նախարարի ենթադրյալ կաշառքի մասին է խոսքը: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով անցնում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն նախկին նախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ, իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեն նոր քրեական գործի հարուցման մասին է հայտարարարում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.