Այսօր մամուլում հրապարակումներ են եղել, որ երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել բազմամարդ «փարթի», որին ներկա է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ավելին սոցիալական ցանցերում տարածվել են երեկոյան խնջույքի լուսանկարները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան: Ըստ որոշ տեղեկությունների՝ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին: Այս լուրերին է անդրադարձել պատգամավորը:
«Երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։
Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»,- հայտարարել է Սարգսյանը։