Ինչպես հայտնի է` Վայոց ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործը մեղադրյալներից մեկի մասով ուղարկվել է դատարան: Պարզվել են Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա.Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:
Մինչ Ա.Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հարություն .Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ.Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա.Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ.Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա.Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ դեպքից հետո Ա.Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ.Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, մեր ձեռքում է հայտնվել գործով վկա Լևոն Հարությունյանի բացատրությունը հետաքննական մարմնին, թե ինչպես է նա նկարագրում, և թե ինչ է կատարվել:
«Ավելացնեմ, որ ես չեմ տեսել, թե ինչպես է Արայի բերանից և ականջից արյունահոսել, այլ միայն նկատել եմ հիվանդանոցում, իսկ վիճաբանության ժամանակ ջրով լվացել եմ Արայի բերանը, փորձել ուշքի բերել: Նշեմ նաև, որ Հարութի ընկերները վիճաբանության ընթացքում թույլ չէին տալիս, որպեսզի Հարութը շարունակի հարվածներ հասցնելը: Օգնություն ցուցաբերելու պահին ինձ են մոտեցել Մխիթարը և Ժորան, որի ժամանակ Հարութը չհանգստանալով սկսեց ոտքով հարվածել իմ դեմքին՝ ձախ աչքիս շրջանում, և Մխիթարին, ինչին միջամտել են Հարութի ընկերները՝ թույլ չտալով նրան հարվածներ հասցնել մեզ: Այդ ժամանակ ես ասացի, որ շտապ օգնություն զանգահարեն, քանի որ չէի կարողանում ուշքի բերել Արային: Դրանից հետո Հարութի կամ նրա ընկերներից որևէ մեկի կողմից զանգահարելուց ու շտապօգնության գալուց հետո՝ Արային տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց, որտեղից էլ Մուրացանի հոսպիտալ: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ վիճաբանության ժամանակ Արան և մենք եղել ենք ոչ սթափ վիճակում, վիճաբանությունը ծագել է Հարութի կողմից Արային վիրավորելու և վերջինիս կողմից պարզաբանումներ պահանջելու հարցի շուրջ, որի ժամանակ Հարութը բռունցքով հարվածել է Արայի դեմքին, ինչի արդյունքում նա վայր է ընկել, իսկ գետնին ընկած ընթացքում Հարութը սկսել է ոտքով 2-ից 3 անգամ հարվածել Արայի քթին, ճակատին, որից հետո մեկ անգամ ոտքով հարվածել է իմ դեմքին, որից հետո ձեռքով մի քանի անգամ հարվածել է իմ (անընթեռնելի): Վիճաբանությունը տևել է 10-ից 15 րոպե, որի ողջ ոնթացքում հայհոյանքներ չեն հնչեցվել, համենայն դեպս ես չեմ լսել, իսկ վիճաբանությունը դադարել է Հարութի ընկերների միջամտությամբ և շտապ օգնության ժամանելու ընթացում: Ձեր մյուս բանավոր հարցին պատասխանում եմ, որ բացի Հարութից ուրիշ որևէ մեկը Արային կամ մեզ հարվածներ չի հասցրել: Բացատրությունս գրված է իմ ձեռքով, իմ բառերով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»:
Սակայն նկատենք, որ նա նախաքննական մարմնում ամբողջությամբ հակառակ իրականություն է ներկայացրել , որը կներկայացնենք ավելի ուշ:
Ք. Մ