Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք բնակարանի գնման վկայագրեր է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ 1.5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից շուրջ 90-ն արդեն ստացել են վկայագրեր։

Այս մասին տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը։ Այս անգամ ևս, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են վկայագրերը բնակավայրեր հասցրել։ Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակն արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։

Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։ Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:




Լրահոս