ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարարկել է դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
«Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 11-ի թիվ N64-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, այսօր՝ հուլիսի 27-ին, հրապարակեց ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը:
Այսպիսով, Խորհուրդը որոշեց՝ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Որոշումը ստորագրվել է Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանի, Խորհրդի անդամներ՝ Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի և Ս. Չիչոյանի կողմից: Ա. Հայկյանցը և Ա. Մխիթարյանը պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել են նաև հատուկ կարծիք»,- ասվում է հաղորդագրությունում: