Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝
նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման
կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը:
Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի
Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային
կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նախագահի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ
առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի
թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Արայիկ Հարությունյանը
շնորհակալություն է հայտնել Գ. Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ
իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ Ժ. Միրզոյանի նշանակումը
պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային
կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը:
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները:
Պատկան մարմինների ղեկավարների համապատասխան զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը
հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ
վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում
հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և
սահմանափակել դրանց գործունեությունը: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ
կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար:
«Հանրապետությունում այս պահի դրությամբ փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ 61 անձից 42-ը
մայրաքաղաքից են, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Պետք է նշեմ, որ պետական ու մասնավոր հատվածների
այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր չեն հետևի պարետի ցուցումներին ու չեն պահպանի անվտանգության
կանոնները, կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- շեշտել է նախագահը:
Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն
աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման
նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացիների ելքը: