Բացահայտվել են ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն:

Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հեղինակությունն ու համբավը, տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք, ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ N-1251-ն որոշմամբ սահմանված կարգով լիազորված լինելով տրանսպորտային միջոցները հաշվառել «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով, ի թիվս այլնի, նույն ընթացակարգով պարտավորված լինելով զննել քաղաքացիների կողմից հաշվառման-քննական բաժանմունք ներկայացրած տրանսպորտային միջոցները և դրանց իրական տվյալները համեմատել փաստաթղթային տվյալների հետ, 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյան ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝ փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց և քաղաքացիների ինքնությունները պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:




Լրահոս