ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով, եւ զայրացած են նաեւ պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները եւս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա,  որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս դժգոհություններն իրենց աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը եւ քննարկել ստեղծված իրավիճակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, եւ փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած, բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաեւ նախարարությունից, Գիտության եւ թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես  է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Բավական չէր, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրում էր նախարարությանը եւ բացահայտումներ անում, հիմա էլ բունտ հասունացավ դիմորդների շրջանում: Եվ հենց այս իրավիճակն է պատճառը, որ պատգամավորները կոնկրետ բացատրություն են պահանջելու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում գրել էր, որ կրթական նոր չափորոշիչների եւ, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների համար կաթողիկոսի հետ հանդիպման էին գործուղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ մի քանի պատգամավորների: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ կաթողիկոսի եւ իշխանությունների միջեւ ավելի են սրվում հարաբերությունները, եւ հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել  է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասով այլ պայմանավորվածություն են ունեցել, իսկ հիմա մամուլից այլ բան են իմանում, եւ այն, ինչ պայմանավորվել են, տեղի չի ունենում: Մենք տեղեկացանք, որ կաթողիկոսը տարօրինակ եւ անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը, նաեւ հստակ բարձրաձայնել է, որ իրենք չեն ընդունում նոր չափորոշիչները եւ այն առաջարկը, որի համաձայն՝ այս առարկան պետք է դասավանդի Հայոց պատմություն առարկայի հետ: Ավելին, կաթողիկոսը նաեւ նկատել է, թե պետք չէ շտապել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կրթական նոր չոփորոշիչներն ընդունելու հարցում, այլ պետք է քննարկել եւ դրանց մասնակից դարձնել նաեւ Եկեղեցու ներկայացուցիչներին: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որեւէ մեկին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են: Զրուցել էինք նաեւ Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատեւ ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան:  Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով եւ, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի: Եվ սա էլ պատահական չէ. բանն այն է, որ Արգիշտի Քյարամյանը երկու տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում եւ ներսից գիտի՝ դատախազությունում ինչ է կատարվում:  Մասնավորապես, Քյարամյանը 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ: Եվ, ահա, իր փորձն աչքի տակ ունենալով՝ նա որոշել է իրեն տեղակալ բերել այդ համակարգից որեւէ մեկին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին:

 

 

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ: Հետաքրքիր է, որ Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաեւ նրա խորհրդականները: Օրինակ՝ հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վտանգված է ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրը: Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, եւ երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ եւ արդյունքը ներկայացնել, անհասկանալի պատճառներով հրաժարվում է: Սակայն նկատենք, որ իր պաշտոնին է շարունակում մնալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր հենց Վիգեն Ավետիսյանը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ Գալոյանի հրաժարականի լուրը:

 

 




Լրահոս