Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ էր տիրում: Մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը հրետակոծեց սահմանն ու հայկական բնակավայրերը: ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը սխալ հաշվարկ էր արել եւ մտածել, թե Հայաստանը զբաղված է արտակարգ դրությամբ, կորոնավիրուսային պայմանավորված իրավիճակով եւ պատրաստ չի լինի սահմանում դիմագրավել թշնամուն:
Սակայն, ազատամարտիկի խոսքով, Ադրբեջանն այնպիսի հակահարված ստացավ, որ այլեւս երեք տարի չի համարձակվի նոր գործողություն կատարել: ՀԱԿ անդամը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե սահմանների ամրությունը կապված է նաեւ օրվա իշխանություններին սիրելու հետ:
-Պարո՛ն Մալխասյան, անդրադառնանք վերջին օրերին տիրող հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, դեպքերին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը հայ- ադրբեջանական սահմանին նման լարվածություն սկսեց:
-Դա կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով. հանգամանք առաջին՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ապատեղեկատվոթյուն լցրեցին Ալիեւի գլուխը, թե Հայաստանը թույլ է, քայքայված է, կորոնավիրուսը տարածված է, բացի դա էլ ժողովուրդը պառակտված է, նախկին իշխանության մնացորդները բացարձակ թշնամաբար են տրամադրված: Հիմա իրենք հույսը դրել էին դրա վրա, բայց մոռացան, որ հայ ժողովուրդն այնքան է մուրճի ու սալի արանքում ծեծվել, կոփվել ու թրծվել, որ հայ ժողովրդից շատ հեշտությամբ գլուխը հանելը դժվար է: Մենք դարձել ենք պողպատե մարդ: Երկրորդ՝ ինչո՞ւ նա հենց ընտրեց Տավուշի հատվածը. իրենք ծրագիր ունեին, որ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեին ղարաբաղյան ճակատում: Բայց քանի որ իրենք մտածեցին, որ մենք մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք ղարբաղյան ճակատում, էնտեղ շատ ամուր են մեր դիրքերը, ուրեմն իրենք որոշեցին, որ Նոյեմբերյանի, Տավուշի կողմերը մեր դիրքերն այդքան էլ ուժեղ չեն, ապա իրենք էնտեղ բլրից կռուգով հարձակում անեն, ապրիլյան պատերազմի նման դիրքեր, տարածքներ գրավեն, գան առաջ, այսինքն՝ հաստատեն այն միտքը, որ իրենց բանակը հզոր է, անպարտելի է, բարձրացնել բանակի մարտական ոգին, իբր թե մարտական ոգի ունեն, այն էլ բարձրացնելու փորձ անեն, այն էլ դրանից հետո լայնամասշտաբ հարձակումներ ձեռնարկել ղարաղաբյան եւ բոլոր ուղղություններով: Նախիջեւանում թուրքերը կենտրոնացրել են իրենց ամենաէլիտար զորամիավորումները, եւ Ադրբեջանն իր բոլոր շարժերը. գործողությունները խիստ համաձայնեցնում է Թուրքիայի հետ: Եվ չէր բացառվում, որ այդ խառը իրավիճակներում իրենք նաեւ նպատակ ունեին հարվածներ հասնել Նախիեւջանի սահմաններից: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ. նրանք հասկացան, որ հայերը շատ ամուր են կանգնած իրենց հողի վրա, հայերն անպարտելի են, եւ պատերազմի ժամանակ ոչ թե քանակությունն է լուծում խնդիր, այլ մարտական ոգին:
-Հայաստանի կողմից նման արձագանքի, պատրաստվածության չէի՞ն սպասում:
-Այո, նրանք չէին սպասում. եթե սպասեին, նման հիմար քայլի չէին գնա, սա բացարձակ հիմարություն էր: Հիմա սրանք ձեռնարկած սցենարը, օպերացիաները եւ քայլերի հաջորդականությունը, որ վերլուծում ենք, սրանք՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, գնում են կատարյալ ինքնաոչնչացման: Մտածում են, թե Հայաստանը փոքր տարածք է, ժողովուրդը 2-3 միլիոն ժողովուրդ է, «բու» անենք՝ կփախնեն: Չեն մտածում, որ հիմա հայերը շատ կազմակերպված են, բարոյահոգեբանական մարտական ոգին շատ բարձր վիճակում է: Եվ հայերը միշտ կռվում եւ հաղթում են իրենց հարյուրապատիկ թշնամուն, երբ առաջնորդը իրենց ծոցից է դուրս եկել:
-Թուրքիան այս ընթացքում բացահայտ սատարեց Ադրբեջանին: Ի՞նչ կասեք:
-Միշտ էլ սատարել է: 90-ականներին էլ էր սատարում, ասում էր՝ մի ազգ ենք, երկու պետություն: Այսինքն, իրենք նույն ազգն են՝ թուրք են: Ադրբեջանցիներին նախկինում ասել են Կովկասի թուրքեր: Հիմա Թուրքիան ինչքան սահմանակից պետություններ ունի, բոլորի հետ թշնամական հարաբերությունների մեջ է: Ամբողջ Եվրոպայի շատ պետություններ հասկացել են, թուրքերը հիմա լցվել են Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա եւ տարբեր տեղեր, եւ իրենք հասկացել են, թե դրանք ինչ տեսակի ցեղախումբ է: Թուրքերին ամենադիպուկ, ամենաճիշտ, ամենագերազանց գնահատականը տվել է Վիկտոր Հյուգոն, ասել է. «Ամեն ինչ ավերակների ու սուգի մեջ է, այստեղով թուրքերն են անցել»: Հիմա այս ազգի նկարագիրը, երբ ամբողջ աշխարհը գիտի: Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, որեմն Թուրքիային կողմնակից երկիր չկա, բոլորը պետք է Թուրքիային բզկտեն: Նրանք հույսները դրել են, որ մահմեդականության վրա խաղան:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ո՞Ր ԴԱՏԱՎՈՐՆ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԵԼՈՒ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը 2020թ. հունիսի 18-ին որոշում կայացրեց 2 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց «Մարտի 1-ի» գործով գլխավոր ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Ու թեեւ նրա հարազատները հայտարարեցին, թե իրենց գույքը կալանքի տակ է, եւ դժվարությամբ կկարողանան սեղմ ժամկետում նման խոշոր գումար հավաքել /4 մլն ԱՄՆ դոլար/, անգամ դրամահավաք կազմակերպվեց, որպեսզի աջակիցները կարողանան օգնել, հունիսի 19-ի երեկոյան գրավն ամբողջությամբ վճարվել եւ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել էր: Քոչարյանի գրասենյակից հայտնեցին, որ պահանջված գումարը հավաքելու հարցում մեծ դեր են ունեցել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ: Իսկ ռուսական RBC-ն պարզել էր նաեւ այդ գործարարների անունները:
Մեր ունեցած տեղեկություներով՝ այդ գործարարներից առավել «առատաձեռն» է գտնվել «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ով փոխանցել է կես միլիարդ ՀՀ դրամ /1 մլն ԱՄՆ դոլար/: Փոխանցումներ են արել նաեւ այլ անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն քոչարյանամերձ գործարար շրջանակների հետ:
Սակայն այն, ինչ տեղի է ունեցել հետո, ավելի հետաքրքիր է: ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու որոշումը, եւ ճակատագրի հեգնանքով վճռաբեկ բողոքի գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը: Ու նշված դատավորը, որ նույն «Տաշիրի Սամո»-ի քենակալն է, եւ երբեք չի թաքցրել, որ պարբերաբար խոշոր նվիրատվություններ է ստանում «Տաշիր Գրուպ» ընկերությունից, ոչ միայն չի պատրաստվում ինքնաբացարկ ներկայացնել, այլեւ դատախազության կողմից օրեր առաջ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը առայժմ որեւէ լուծում չի տվել:
Գուցե դատավորը խիստ պարտական է զգում իր կնոջ հարազատների առաջ եւև վճռել է ամեն գնով օգտակար լինել նրանց: Փաստորեն, դատական ամենաբարձր ատյաններում անգամ խնամիաբարեկամական կապերը շարունակում են վճռորոշ դեր ունենալեւ սպասարկել նեղ անձնական շահեր:
Ք.Մ.
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի եւ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Հրայր Նիկողոսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվում է առողջական լուրջ խնդիրների պատճառով. «Այլեւս առողջությունս չի ներում, արդեն 18 տարի է՝ աշխատում եմ, սիրտս 4 տեղով ստենդավորած է, մեծացել եմ, տարիքս առել: Տարին տարվա վրա առողջությունս վատանում է: Իսկ հիմա մի 6 ամիս կհանգստանամ, հետո արդեն պարզ կլինի»: Նշենք, որ Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:
ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Հետիոտները 5000 դրամով կտուգանվեն, եթե խախտեն ճանապարհով, այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, շարժվելու կարգը: Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ հետիոտների կողմից ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը խախտելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Բացի այս, հետիոտներն ու ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղեւորը 5000 դրամով կարող է տուգանվել՝ ընթացքի ժամանակ գտնվող կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելու համար, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուղեւորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: