ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԵՑ ՈՒ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորբաժանումների կողմից խոցվել է 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարք, եւս մեկն էլ խոցվել է Արցախի հյուսիսարեւելյան հատվածում։ Պաշտպանության նախարարության մոտավոր հաշվարկներով ադրբեջանական կողմը 150-ից 200 միլիոն դոլարի վնաս է կրել, այսօր տեղեկացրին Պաշտպանության նախարարությունում կազմակերպած շրջայցի ժամանակ:

 

Անօդաչու թռչող սարքերից 4-ը՝ հետախուզական, իսկ 10 էլ հարվածային էին, դրանք, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, իսրայելական արտադրության էին: «Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը Հերմես-3 տիպին է, բերված է, ցուցահանդեսում ներկայացված է, այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան», – հայտնեց ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը:

Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքերի մնացորդները ռազմաավիացիոն համալսարանում էր ներկայացրել։ Ի դեպ, հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իրենք էլ հայկական անօդաչու թռչող սարքեր են խոցել:

Համալսարանի ղեկավար, գեներալ-մայոր Դանիել Բալայանը լրագրողներին հայտնեց, որ վերջին օրերին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած փաստացի պատերազմական գործողություններն ավելի համոզիչ ցույց տվեցին հայկական բանակի եւ Հայաստանի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, ինչն արտահայտվեց նաեւ նրանով, որ հայոց բանակը արհեստավարժ ու ճշգրիտ հաշվարկներով մի քանի օրվա ընթացքում ոչնչացրեց Ադրբեջանի զինանոցում առկա իսրայելական արտադրության՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցված եւ մինչ այդ անխոցելի համարվող հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող մեկ տասնյակից ավելի սարքեր: Դրանք հիմա ամենայն մանրակրկիտությամբ հետազոտում են մեր փորձագետները:

Գեներալը նշեց, որ մեր կողմից խոցած ԱԹՍ-ների կորպուսները պատրաստված են Ադրբեջանի գործարաններում, իսկ էլեկտրոնային մասերն ամբողջությամբ իսրայելական են, ինչը Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական արդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության ապացույցներ են:

Դանիել Բալայանը նշեց նաեւ, որ այս թռչող սարքավորումների վրա ինչ նոր միջոցներ տեղադրված են, դրանք դառնում են մեզ հայտնի, այսինքն՝ դա բավականին լուրջ ինֆորմացիոն արխիվ է, որ մենք ստանում ենք:

Մեր երկրորդ հարցին, թե, ըստ տեղեկությունների, հայկական կողմը նույնպես կիրառել է սեփական արտադրության ԱԹՍ-ներ, դրանցից որեւէ մեկը թշնամու կողմից խոցվել է արդյոք, գեներալ Դ. Բալայանը պատասխանեց. «Հստակ տեղեկացնում եմ, որ մեր կիրառած ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել: Մեր սարքավորումներն աշխատել են թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները ամբողջությամբ կատարել են»:

«Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին եւ խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը:

Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, եւ հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին հարաբերական անդորր է։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անցած գիշեր ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 17 անգամ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերին մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի զինված ուժերը պահպանում են զսպվածություն եւ արձագանքում են միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին։

 

ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-138-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

 

 

ՍՊԱՌՆԱԼԻՔ

Հայկական ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսեւորում են, փաստացի սպառնալիք նաեւ սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Սա շատ մտահոգիչ է եւ ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,-ասել է Մնացականյանը:

 

 

ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը՝ ավելացել: Հուլիսի 21-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի 55 հիվանդ է բուժվում կորոնավիրուսից։ Մարտի 1֊ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6 628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5 274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։ Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։ 47 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում. Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կլինի նաեւ Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:

 

 

ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ առաջատարը «Երեւան գարեջուր» ընկերությունն է: Ի դեպ, նշենք, որ գարեջրի գործարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին է պատկանում: Այս ընկերությունը պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 112 մլն 52 հազար դրամ հարկ ու տուրք`զբաղեցնելով 78-րդ տեղը: Անցած տարվա նշված ժամանակահատվածում այս ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 225 մլն 424 հազար դրամի չափով հարկ: Այսինքն` նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 113 մլն դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները:

Իսկ, ահա, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում հակառակն է, քանի որ այս տարվա երկրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է հարկային վճարումները: Քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին պետբյուջե կատարել է 846 մլն 493 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 107-րդ տեղը: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 808 մլն 245 հազար դրամ հարկ` զբաղեցնելով 112-րդ տեղը:

Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 6 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 756-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 104 մլն 401հազար դրամի հարկային վճարում: Բայց անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 854-րդ տեղը՝ վճարելով 96 մլն 479 հազար դրամ հարկ ու տուրք: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Հայաստանում կան գարեջրի մի քանի այլ գործարաններ եւս Դիլիջանում, Սեւանում, բայց նրանք խոշոր հարկատուների թվում չեն:

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդական:




Լրահոս