«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ զրուցել է ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ:
-Պարո՛ն Պետրոսյան, այս օրերին, երբ մի կողմից երկիրը համաճարակային դրության մեջ է, մյուս կողմից՝ շարունակվում է լարված մնալ դրությունը հայ-ադրբեջանական սահմանին, քաղաքական որոշ ուժեր համախմբվելու փոխարեն հանդես են գալիս պառակտիչ հայտարարություններով: Ի՞նչ եք կարծում, նմանատիպ իրավիճակներում ինչպե՞ս պետք է իրենց դրսեւորեն քաղաքական ուժերը, հանրությունը:
-Այստեղ ոչ թե քաղաքական ուժերի գործողությունների հարց կա, այլ նաեւ իշխանական ուժերի գործողությունների, Ազգային ժողովի հարց կա, այսինքն՝ մենք պետք է ազգովի մի մեխի խփենք: Բայց դա ո՞ր դեպքում է հնարավոր. երբ կա գերագույն նպատակ, եւ այդ գերագույն նպատակը բավարարում է բոլորին: Սա մեր խնդիրների խնդիրն է :Եթե գերագույն նպատակը չկա, կամ կա ինչ-որ շատ հեղհեղուկ, ոչ կայացած, ցաքուցրիվ ինչ-որ բաներ, եւ այդ ցաքուցրիվի մեջ կան նաեւ ընդդիմադիր ուժերը, բայց ես նաեւ կուզեի հարցին ուրիշ կողմից էլ մոտենալ: Եղել է հեղափոխություն: Հեղափոխության իրական շահառուները, իսկական հեղափոխականները մեծ դժգոհություն ունեն, որ հեղափոխությունը կանգ է առել: Ակամա հեղափոխականները, որոնք պատահական են հեղափոխական դարձել, նրանց ամեն ինչ դուր է գալիս: Մեր համար անընդունելի է, որ չեն գիտակցում քաղաքական կարեւորագույն խնդիրները, եւ ուղղակի զգում ենք մակերեսային էյֆորիա: Հետո կան նաեւ հեղափոխությունից տուժածներ, այսինքն՝ այն խավը, որը մեծ պատասխանատվություն ունի երկրի՝ այս վիճակում հայտնվելու առումով: Նրանք մեծ վնաս են տվել մեր երկրին, բայց չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ երկրում հեղափոխություն է եղել, եւ իրենք գահից ընկել են: Ընկել են իրենք, իրենց սատարողները, սատարողների սատարողները, նրանց վարորդները, վարորդի յուղ փոխողը եւ այսպես շարունակ: Ինձ համար ամենավտանգավոր մարդիկ նրանք են, որ երբեւէ չեն երկմտում իրենց շահերի առումով:
Անձնականն այնքան է կերել այդ մարդկանց, որ պետություն ասած բանն իրենց համար անընկալելի է, նրանց համար մեր ասած մտքերը շատ խորթ են: Երբ ասում ես, որ լավ կլինի, երբ տնտեսական անկախություն ձեռք բերենք, հարձակվում, հոշոտում են: Ես ասում եմ, որ ռուսներից այդ կախվածությունը կաթիլ-կաթիլ պետք է պակասի, որպեսզի մենք կաթիլ-կաթիլ ձեռք բերենք ինքնիշխանություն: Սրանք շատ տրամաբանական բաներ են, եւ պետք է ասեմ, որ իշխանություններն էլ են այդ հարցերում թերանում, ինչ-որ բան շատ լավ են անում, ինչ-որ բան շատ վատ են անում, եւ այս վիճակում բնականաբար կլինի այս լարվածությունը, եւ, դրան պլյուս, կավելանան արտաքին մարտահրավերները, որ գնալով ավելի ուժգնանում են: Տարածաշրջանն արդեն եռում է, եւ ոչ մի բան պատահական չէ: Շատ լավ է, որ իշխանությունները մեր Պաշտպանության նախարարությանը տվել են այդ վստահության քվեն, որ եթե զգում եք վտանգ, ապա հակահարված տվեք, ոչ թե անցյալի նման, բայց ոչ թե հարվածեք ու կանգնեք, որպեսզի Կրեմլն ասի՝ բան չանեք, այլ պետք է մի քանի հակահարված տալ, որ երբ ասեն՝ կանգնեք, արդեն բավականին խնդիր լուծված լինեն: Իմ կարծիքով՝ ոնց ուզում է պտտվենք, մենք պետք է կենաց մահու կռիվ տանք: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի Ադրբեջանին չեզոքացնելը, թե չէ այս լոկալ հաջողությունները մեր խնդիրը չեն լուծում, էլի գնդակոծելու են: Մենք պետք է մեր ուժն ու ոգին դնենք Ադրբեջան կոչված պետությանը ոչնչացնելու մեջ, որին հասնելու համար կան բազում մեխանիզմներ, բայց պետք է գործ արվի, պետք է պետությունը թիկունք կանգնի, պետք է գիտակցի, որ դա անհրաժեշտ է, եւ հենց այստեղից էլ սկսվում է իրար չհասկանալը, եւ չեզոքացնելով Ադրբեջանին՝ մենք պարզ երեսով կարող ենք շրջվել Թուրքիայի կողմը:
-Պարո՛ն Պետրոսյան, ռուսաստանաբնակ հայազգի լրագրող, «Russia Today»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերջերս արած հակահայկական հայտարարությունը քննադատության մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Դուք ո՞նց եք որակում:
-Մեր աքիլլեսյան գարշապարը հենց ռուսահայությունն է: Մեր ժողովուրդն ամենարագը ուծացվում է Ռուսաստանում, Եվրոպայում այդպես արագ չի լինում, ինչքան Ռուսաստանում: Իհարկե, շատ արժանի, շատ լավ հայեր կան: Ես ուզում եմ կոչով դիմել մեր հայրենակիցներին. ցանկացած հայ ազգի անհատի համար ամենապահով եւ խելացի տեղը Հայաստանն է, եւ միայն այդ դեպքում մենք կլինենք անվտանգ: Եթե մենք ունենայինք լավ Ազգային ժողով, արդեն հայտարարություն կտարածեին եւ կզրկեին Սիմոնյանին Խորենացու պատվավոր մեդալից: Նա ի՞նչ է արել հայ ազգի համար, բացի օլիգարխների հետ կոմունիկացիաներից: Նրանք մեր հետ ոչ մի կապ չունեն, բացի ազգանվան պոչիկից:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՄԱՌԱՅԻՆ Ի՞ՆՉ ՀԱՆԳԻՍՏ Է ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԴԻԱՆԱ ՏՈՌԵՍԸ
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի Դիանա Տոռեսի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ նա ակտիվ հանգստի սիրահար է: Սիրում է ծովը, ջուրը, արեւը:
«Այս տարի համավարակի պատճառով չեմ կարող երկրից դուրս գալ, բայց դրա փոխարեն արդեն իսկ այցելում եմ լողավազան՝ փորձելով այդպես կազմակերպել հանգիստս»,-ասում է նա:
Ըստ դերասանուհու՝ Հայաստանի տեսարժան վայրերից նրա ներաշխարհի վրա շատ մեծ ազդեցություն է թողնում Գեղարդա վանքը:
«Շատ եմ սիրում այցելել Գառնի, հատկապես՝ Գեղարդ, Սեւանը, քանի որ ջուր շատ եմ սիրում: Օրինակ՝ 2018 թվականին ամառային հանգիստս անցկացրել եմ Դուբայում, որտեղ ծախսել եմ մոտ 3000 դոլար, իսկ նախորդ տարի հանգստացել եմ Վրաստանում, որտեղ ծախսել եմ մոտ 1000 դոլար, դե այս տարի էլ, տեսնում եք…»,-ընդգծում է նա:
Հարցին, թե առաջիկայում ինչ նորություններ են սպասվում, Դիանա Տոռեսը հավելում է, որ դեռեւս գտնվում է աշխատանքային պասիվ փուլում:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԵՐԵՎԱՆԻ «ՆՈԱ»-ՈՒՄ
Հայաստանի հավաքականի թեկնածու, եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կարիերան կշարունակի Երեւանի «Նոայում»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոլումբական «Բոյակա Չիկոյի» հետ 24-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: 2018 թվականի մայիսին Հայաստանի հավաքականի կազմը համալրած Մոնրո Արարատը 2 հանդիպման է մասնակցել ազգային թիմի կազմում: Ավելի վաղ «Նոա» տեղափոխվելու լուրը հաստատել էր անձամբ Մոնրո Արարատը:
ԽՈՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԻ ՄԱՍԻՆ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին: «Ռեկորդները կարեւոր են, սակայն ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են: Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում:
«Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել եւ նորանոր հաղթանակներ տանել»,- ասել է Ռոնալդուն: Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2 գոլ է խփել: Իտալիայի առաջնությունում այդ գոլերը Ռոնալդուի համար եղել են 50-րդն ու 51-րդը: Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 50 եւ ավելի գոլի հեղինակ դառնալ Անգլիայի առաջնությունում, Իսպանիայի առաջնությունում եւ Իտալիայի առաջնությունում:
ՁԱԽՈՂԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ
Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանում ձախողված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Հավաքականի կազմում տեղ են գտել նաեւ նախորդ ամառ Մադրիդի «Աթլետիկոյից» կատալոնական «Բարսելոնա» տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ «Բենֆիկայից» «Աթլետիկո» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը: Ձախողած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝
դարպասապահ՝ Սիլեսեն («Վալենսիա»),
պաշտպաններ՝ Կորրեա («Վալենսիա»), Կալերո («Էսպանյոլ»), Ֆիրպո («Բարսելոնա»),
կիսապաշտպաններ՝ Լոպեշ («Սևիլիա»), Դենիս Սուարես («Սելտա»), Վարգաս («Էսպանյոլ»),
հարձակվողներ՝ Ֆելիշ («Աթլետիկո»), Գրիզման («Բարսելոնա»), Յովիչ («Ռեալ»), Իգլեսիաս («Բետիս»):