ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ի վերջո ստորագրեց հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում եւ երեկվանից մտել ուժի մեջ։ Ըստ այդմ, նոր փոփոխություններով լուծվելու է Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Իսկ ավելի վաղ էլ ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները: Եվ, ահա, երկու ամսվա ընթացքում սահմանադրական մարմինները պետք է ըստ հերթականության ներկայացնեն իրենց թեկնածուներին` սկզբից Կառավարությունը, հետո Ազգային ժողովը, ապա Դատավորների ընդհանուր ժողովը: Արդեն Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամներ ընտրելուց հետո դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նախագահ, իսկ մինչ այդ Աշոտ Խաչատրյանը՝ որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները:

Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվելու են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են Կառավարությունը, Նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են  արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջարկելու է Լիանա Սահակյանի թեկնածությունը: Սակայն նկատենք, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչեւ իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչեւ օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ: Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը մասնակցում էր նախարարության կրթության վարչության պետը, ում պատգամավորները բազմապիսի հարցեր են տվել: Ընդ որում, պատգամավորները եւս զարմացած են եղել, որ նախարարը բացակայում է քննարկումից, եւ խիստ են խոսել այդ մասին հիշատակումով։ Նշենք, որ ԳԹԿ-ից եւս տեղակալի մակարդակով են քննարկմանը մասնակցել, ինչը հատկապես իշխանական պատգամավորները սխալ են համարել, անգամ իրար մեջ քննարկել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշում հարսանեկան արարողությանը մասնակցելու եւ քավոր լինելու ժամանակ ունի, սակայն պատգամավորների հարցերին պատասխանելու համար՝ ոչ: Նկատենք, որ երեկվա քննարկմանը նույնիսկ մասնակցել են այլ հանձնաժողովների նախագահներ, օրինակ՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը, Առողջապահության եւ հանրային հարցերով հանձնաժողովից Նարեկ Զեյնալյանը… Սակայն վերջնական որոշում չի կայացվել, ու պատգամավորները պարզաբանումներ են սպասում հենց նախարարից, թե ինչպես է ստացվել՝ 18.5 միավոր հավաքած դիմորդը որեւէ բուհ չի ընդունվել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների  շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաեւ մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց:  Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում եւ հատկապես Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են: Բանն այն է, որ Սնանկության դատարանում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո պարզ է դարձել, որ տեղի է ունեցել ներքին դիտում, այսինքն՝ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված եղել, եւ այդկերպ են հետեւել դատավորների խոսակցություններին ու տեղաշարժերին: Եվ հենց դրանից հետո է, որ դատական համակարգում դատավորներն արդեն սկսել են միջանցքներում խոսել, քանի որ վախենում են, թե իրենց էլ կարող են հսկել, տեսախցիկներ տեղադրել, եւ նրանք շունչները պահած սպասում են, թե ով կարող է լինել հաջորդ «զոհը»: Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, իսկ Նարինյանը՝ 4 հոդվածով, եւ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

 

 

Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 8078 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ եւ ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ: Իսկ, ահա, Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 14 հազար 209 եւ վերադարձել 13 հազար 324 մարդ, բացասական մնացորդը` 885 հոգի։ Ասել է թե` այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 8 հազար 78 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով:  Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:




Լրահոս