Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Այն այսօր ուժի մեջ կմտնի, եւ խորհրդարանը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի երեք դատավոր, քանի որ ավելի վաղ արված սահմանադրական փոփոխություններով՝ դատավոր Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կասեցվել էին: Դրան զուգահեռ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում դատական համակարգում, եւ Սնանկության դատարանի երկու դատավորի նկատմամբ գործընթաց էր սկսվել: Արդյոք սա վեթթի՞նգ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ իրավիճակ ունենք Սահմանադրական դատարանում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ:
-Պարո՛ն Շաթիրյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը եւ, ըստ էության, նաեւ նշվեց, որ արդեն ՍԴ-ում պետք է ընտրվեն 3 նոր դատավորներ: Ի՞նչ գորխծընթաց ենք թեւակոխում Սահմանադրական դատարանում, ի՞նչ է սպասվում:
-Նախ՝ արձանագրեմ, որ ս/թ. հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածը, որով ՍԴ-ի արդեն նախկին 3 դատավորների լիազորությունների ժամկետն արդեն ավարտվել է, պաշտոնավարումը՝ դադարել: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ շուրջ մեկ ամիս է՝ ՍԴ-ն գործում է վեց անդամների կարգով, դատարանը չունի նախագահ, որովհետեւ նախկին նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր, դատարանը չունի փոխնախագահ: Այո, ԱԺ նախագահը ստորագրեց «ՍԴ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխինքերի մասին» օրենքը: Այս օրենքում, ի թիվս այլ հարցեհջ, լուծում է տրված նաեւ ՍԴ նախկին դատավորների կենսաթոշակի նշանակման հետ կապված հարցին եւ ոչ միայն: Սույն օրենքով ուժը կորցրել է «ՍԴ մասին» օրենքի 88 հոդվածի 5-րդ մասը, որը, ըստ էության, մեխանիկորեն վերարտադրում էր Սահմանադրության նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածը, եւ, իհարկե, սա չի նշանակում, որ այս դրույթի գործողության պայմաններում Սահմանադրության 213-րդ հոդվածը՝ նոր խմբագրությամբ, չէր կարող գործել: Այսինքն՝ կրկին արձանագրում եմ, որ ՍԴ երեք դատավորի լիազորությունները դադարեցված են: Այսօրվանից սկսած՝ ըստ էության մտնում ենք մի նոր փուլ: Արդեն թերեւս կմեկնարկի թեկնածուների առաջադրման գործընթացը թափուր պաշտոններում, եւ թեկնածուներ կառաջադրեն հաջորդաբար կառավարությունը, նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: Ընդ որում, օրենքով նախատեսված կարգավորումների համատեքստում տրամաբանությունն այնպիսին է, որ 3+3+3, այսինքն՝ յուրաքնաչյուրը երեքից ոչ ավել թեկնածու առաջադրելու կարգավորումների պայմաններում համաչափությունը չխախտվի: Երկամսյա ժամկետում կառաջադրվեն թեկնածուներ, ինչից հետո արդեն, սահմանադրական կարգավորումներին համապատասխան, Աժ-ն ձեռնամուխ կլինի թեկնածությունների քվեարկությանը եւ թեկնածուների ընտրությանը:
-Դուք նշեցիք, որ այժմ Սահմանադրական դատարանում վեց անդամ է, սակայն երկուսն էլ գտնվում են արձակուրդում: Ստացվում է՝ մինչեւ նոր անդամներ չընտրվեն, կամ նրանք ետ չգան արձակուրդից, Սահմանադրական դատարանը չի կարողանում նիստեր գումարել, որոշումներ կայացնել. նիստերը հետաձգվում են քվորում չլինելու պատճառով: Այսինքն՝ ստացվում է, որ արհեստական ճգնաժամ, խոչընդոտներ են առկա Սահմանադրական դատարանի աշխատանքում: Սա ի՞նչ վտանգներ է պարունակում:
-Իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանում այս պահին ճգնաժամ առկա չէ, թեպետ առանձին շրջանակներ արհեստականորեն փորձում են նմանատիպ խոսակցություններ պարբերաբար ինտենսիվացնել: Ինչո՞ւ առկա չէ. որովհետեւ ես պատահաբար չարձանագրեցի, որ այս պահին պաշտոնավարում են ՍԴ-ի 9 դատավորներից 6-ը, այսինքն՝ քվորումի առումով խնդիր չկա: Այլ խնդիր է, որ ՍԴ նախկին նախագահը որպես դատավոր եւ մեկ ուրիշ դատավոր գտնվում են այս պահին արձակուրդում: Միգուցե օգտվում են իրենց ամենամյա հերթական արձակուրդից, այս առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, գումարած ՍԴ աշխատակազմի ղեկավարն արձանագրեց, որ նախորդ տարիների մասով ունեն արձակուրդի չօգտագործված օրեր, սակայն ամենեւին չի նշանակում, որ գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում: Որովհետեւ, այո, ՍԴ-ի վերջին 3 աշխատակարգային նիստերին քվորում բացակայության պատճառով տեղի չի ունեցել, սակայն օրենքը որեւէ խոչընդոտ չի սահմանում, չի նախատեսում, որպեսզի նշված երկու սուբյեկտները հետ կանչվեն կամ վերադառնան արձակուրդից, որպեսզի մասնակցեն նիստերին՝ դրանով իսկ ապահովելով քվորումը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:
«Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական եւ տնտեսական նժարների միջեւ: Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում՝ սա ՊԵԿ-ի տվյալներն են, եւ այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշատատեղերի համար վճարված է աշխատավարձ, եւ ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,-ընդգծել է վարչապետը:
Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որեւէ կասկած չկա: Եթե մենք հետեւողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որեւէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում՝ սա մեզ ցույց է տալիս նաեւ այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետեւողական մինչեւ առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել. պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր, իհարկե, պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաեւ կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարեւորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը:
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
Վարակի բռնկումից մինչեւ այժմ Հայաստանում արդեն 618 քաղաքացի է մահացել կորոնավիրուսից: Այս պահին բուժում են ստանում շուրջ 10 հազար քաղաքացիներ: Վերջին մեկ օրում ապաքինվածները 560 հոգի են: Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը փոփոխություն էր արել թեստավորման հրամանում. նախկինում 38,5 ջերմություն ունեցողներն էին թեստավորվում, այժմ շեմն իջեցվել է, կհետազոտվեն նաեւ 37,5 ջերմություն ունեցողները, որ շնչառական հիվանդություն կամ կասկածելի այլ ախտանշաններ ունեն: «Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նաեւ հորդորելով չթուլացնել զգոնությունը, է՛լ ավելի հետեւողականորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում. ստուգայցերի ընթացքում վերահսկողություն է իրականացվել հաստատությունների կողմից ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես խմբասենյակներում, ննջարաններում եւ սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջեւ սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի պարագաների, ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, ինչպես նաեւ երեխաների եւ աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:
ՈՐՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի շրջանակում տրվում է սիգ ձկնատեսակի փորձարարական որսի հնարավորություն: Իրականացվող գործընթացները միտված են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը եւ օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով: Սեւանի ինքնամաքրման եւ առողջացման գործընթացը բարձր գնահատելով՝ նախարարությունն իրականացնում է նաեւ էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ, մասնավորապես՝ Սեւան է բաց թողնվում Սեւանի իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ: