ԼԱՎ Է, ՈՐ ՍԴ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Ավետիսյանը մասնակցում էր հայրենի կառավարության նիստին։ Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքը: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուին առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը իշխանության ներկայացուցիչներից շատերի համար է անակնկալ եղել: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, այսօր ՀՀ կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանին՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Որքանո՞վ եք ճանաչում Ավետիսյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության ներկայացուցիչներից շատերը չեն ճանաչում նրան:

-Շատ մանրամասներին չեմ տիրապետում, որովհետեւ պարոն Ավետիսյանը ԵՊՀ-ի դասախոս է, եւ ինձ դասավանդելու առիթ չի եղել, եւ մասագիտական առումով էլ չեմ առնչվել, բայց որոշակի դրական կարծիքներ եմ լսել: Ասեմ, որ լավ է, որ իշխանական թեւը լավ չի ճանաչում, որովհետեւ պետք էլ չէ շատ մոտ ճանաչել: Պարոն Ավետիսյանը ԱԺ-ում ելույթ կունենա, հարցերին կպատասխանի, եւ, ըստ այդմ, ամեն պատգամավոր իր մասով իր որոշումը կկայացնի:

-Բայց, իշխանությունների կարծիքով, ՍԴ-ում ճգնաժամ առաջացավ այն բանից հետո, երբ դատավորները ժողովրդի եւ իրենց համար ոչ ճանաչելի էին ու վստահելի, ինչի համար որոշում կայացվեց փոխել նրանց: Չե՞ք կարծում, որ պետք էր նոր թեկնածուներին ճանաչել, հետո նրա թեկնածությունն առաջադրել:

-Ես չեմ կարծում, որ ուղղակի այդպես պատճառահետեւանքային կապ կա, եւ մենք ուզում ենք, որպեսզի ընտրության եւ առաջադրման գործընթացը իրականում հենց այդ վստահության ձեւավորման կամ չձեւավորման արդյուքը լինի: Այսինքն՝ թե ես հիմա, օրինակ, շատ լավ ճանաչեի պարոն Ավետիսյանին եւ դրական կարծիք ունենայի, դրանից նշանակելու էր, որ ժողովուրդը պարոն Ավետիսյանին վստահո՞ւմ է: Ինձ թվում է՝ մեր դեպքում ավելի շատ էսպես պետք է լինի. պետք է չլինի ինչ-որ ակնհայտ հետագիծ, որը անվստահության պատճառներ է տալիս, եւ արդեն ամեն մեկն իր աշխատանքով ապացուցի, թե ինքը վստահության արժանի անձ է, թե ոչ: Մենք հիմա ում անվստահություն հայտնելու առիթ է եղել, եւ ժողովուրդը ում չի վսհատել, չի վսհատել կոնկրետ գործողությունների համար:

-Իսկ, ըստ Ձեզ, դա բավարա՞ր է, որպեսզի խորհրդարանում կարողանաք ընտրություն կատարել. Վ. Ավետիսյանը լավ թեկնածու կլինի՞, ՍԴ-ի լավ դատավոր կլինի՞, թե՞ ոչ: Արդյոք ունե՞ք այնպիսի ինֆորմացիա, որով կկարողանաք ընտրություն կազմակերպել խորհրդարանում:

-Խմբակցության անունից խոսել չեմ կարող, բայց ասեմ մի բան, որում համոզվել եմ: Ամենաճիշտ տպավորությունը մարդու մասին անմիջական շփումն ու անմիջական լսելն է տալիս, ոչ թե կողքի կարծիքները, որովհետեւ բացառված է, որ թեկնածուի չափանիշների բավարարող մարդը, եթե իրական գործունեություն է ծավալել, իր մասին լինի միայն դրական կամ մենակ բացասական կարծիք: Վստահաբար երկու կարծիքն էլ լինելու է, բայց ինձ համար առաջնային է լինելու պարոն Ավետիսյանի ելությը, իրեն տրված հարցերն ու իր կողմից հնչած պատասխաները:

-Նաեւ երկու թեկնածուի խնդիր կա. դեռեւս երկու թեկնածու էլ պետք է հանրապետության նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրեն: Ունե՞ք նախընտրած թեկնածուներ:

-Ես՝ որպես պատգամավոր, չեմ կարող առաջադրել թեկնածու: Ամբողջ 2015թ. մոդելի փոփոխությունը, որը կյանքի է կոչվում, ենթադրում է, որ թեկնածու առաջադրում են կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ հանրապետության նախագահը: Ես ընտրող սուբյեկտ եմ, ոչ թե առաջադրող: Պարզ է, որ եթե հիմա կլինի թեկնածու, հնարավոր է՝ այդ թեկնածուի վերաբերյալ լինի նախնական որոշակի դրական, բացասական, չեզոք կարծիք: Բայց ես չգիտեմ հիմա, թե ում են առաջադրելու այդ սուբյեկտները:

-Ըստ Ձեզ՝ սահմանադրական ճգնաժամի հարցը ե՞րբ է լուծվելու, որովհետև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը վաղուց հայտարարել էր ճգնաժամի մասին, բայց, կարծես թե, այն դեռեւս հանգուցալուծում չի ստանում: Ըստ Ձեզ՝ ե՞րբ վերջնական կունենանք արդյունք, ե՞րբ ՍԴ-ն կսկսի աշխատել. նույնիսկ նախագահ չկա, փոխարինող չկա: Ե՞րբ կլուծվի այդ հարցը:

-Այս հարցը բավականին բազմաշերտ էր. ուրեմն ՍԴ-ի ճգնաժամի առկայության մասին, այո, Վահե Գրիգորյանը առաջինը խոսեց, բայց այդ ճգնաժամի պատճառների եւ դրա նրբերանգների մասով գրեթե ամեն իրավաբան կամ ամեն քաղաքական գործիչ ունի որոշակի իր ուրույն պատկերացումները: Հիմա, օրինակ, Պարոն Գրիգորյանը, եթե չեմ սխալվում, հարցազրույց է տվել եւ նշել, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամն այլեւս լուծված է: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանում այլեւս ճգնաժամ չկա: Ըստ իս՝ ճգնաժամը էականորեն մեղմված է, կարելի է ասել, որ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը կարող է աշխատել, եւ որի որոշումներն ունեն բավական լեգիտիմություն կատարման համար: Բայց ես կարծում եմ, որ սահմանադրական մեծ փոփոխություններով ու հանրաքվեով, ի վերջո, երբ կընդունվեն որոշակի դրույթներ, որոնք կկարգավորեն ՍԴ-ի գործունեությունը, անգամ եթե ոչ մի դրույթ այս պահից սկսած չփոխվի, ամբողջովին նույնը արձանագրվի: Այդ ժամանակ ես վերջնական կտեսնեմ, որ որեւիցե խնդիր չի կարող լինել: ՍԴ-ի լեգիտիմության անմիջական աղբյուրը պետք է լինի ժողովուրդը, դրա համար էլ մենք միշտ ասել ենք, որ այս փոփոխությունների ամենանախընտրելի տարբերակը հանրաքվեի անցկացումն էր, ոչ ԱԺ-ով փոփոխությունները: Իսկ այն, որ ԱԺ-ով փոփոխություններ արեցինք, կապված էր հայտնի պատճառների հետ:

 

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Կառավարությունը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Այն պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով: Նախագծերով առաջարկվում է մասնավորապես լիցենզավորել հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարությանն օրենքով կտրվի լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը: Կսահմանվեն վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին: Արդյունքում կկարգավորվեն ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները: Կբարձրանա նաեւ այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորումը եւ գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԱԱՏՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ԱՐԹԻԿՈՒՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի եւ Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ եւս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը եւ «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը:

Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված եւ չպահպանված նորմերը:

ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով:

Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, ջերմաչափման գրանցամատյանը չի համապատասխանել սահմանված հավելվածին, ախտահանման գրանցամատյան չի վարվել, թեեւ վստահեցրել են, որ ախտահանում իրականացվում է։ Չի վարվել նաեւ այցելուների ջերմաչափման գրանցամատյան, ինչը հիմնավորվել է այցելուներ չունենալով: ԱԱՏՄ մասնագետները տեղում կազմել են արձանագրություն՝ պարետատուն ներկայացնելու համար, տարվել է նաեւ խորհրդատվական աշխատանք:

Այլ պատկեր է արձանագրվել Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնում եւ «Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը: Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, խնամքի կենտրոնում ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով: Գրանցամատյանները պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Գյումրի եւ Արթիկ քաղաքների ստուգայցերից ընթացքում արձանագրված տեղեկատվությունն ԱԱՏՄ-ն փոխանցում է պարետատուն։

Նախորդ օրերի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների արդյունքներով՝ ԱԱՏՄ-ն այսօր նաեւ կասեցրել է որոշ տնտեսվարողների գործունեությունը։

 




Լրահոս