Երեկ՝ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Փաշինյանը մի քանի արձանագրումներ արեց հուլիսյան մարտերի ու դրանց հետեւանքների վերաբերյալ: «Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի եւ Արցախ դեմ ուղղորդելու համար», – նշեց նա: Ըստ Փաշինյան՝ հայկական կողմը ամրացրեց դիրքերը սահմանագծում, մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաինտելեկտուալ բանակի համարումը։ Վարչապետը շեշտեց՝ անցնող օրերին Հայաստանը միջազգային համայնքի առջեւ պատասխանատու պահվածք ցուցաբերեց, հավատարիմ մնաց կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք խախտվում էին Ադրբեջանի կողմից:
«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին եւ նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքն, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետեւ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը», – հայտարարեց նա եւ շարունակեց. «Միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»:
Իսկ Հայաստան-Արցախ ընդհանուր անվտանգության համակարգը պետք է է՛լ ավելի ամրապնդվի, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից, եւ Փաշինյանը շարադրեց հայկական կողմի դիրքորոշումը հուլիսյան մարտերից հետո:
«Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրաստ է փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում», – ասաց վարչապետը:
Այս օրերին Ադրբեջանը թիրախավորեց նաեւ սահմանամերձ բնակավայրերը՝ կրակի տակ դնելով խաղաղ բնակչությանը: Ըստ վարչապետի՝ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է:
Վարչապետը նշեց. «Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը»: Ըստ Փաշինյանի՝ նման մոնիթորինգ կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն, զինվորականների միջեւ տեղում ուղիղ կապը նույնպես կարող է արդյունավետ գործիք դառնալ միջադեպերը կանխելու ուղղությամբ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԵՂԱՄԻՋՈՑ Է ՆՎԻՐԵԼ
Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները մահացության սրացումը կանխելու համար վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահին Ավիգանը այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի պատրաստած Ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար: Դեղամիջոցը հայ բժշկական մասնագետները առավել արդյունավետ կօգտագործեն, եւ կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը՝ այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը:
ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Երեկ ինքնասպանության փորձ է կանխվել Գյումրիում. Մուշ թաղամասի բնակիչ Դավիթ Տ.-ն փորձել է ինքնասպան լինել Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերից մեկում ծառից կախվելու միջոցով: Երիտասարդի գործողությանը միջամտել է դեպքի պահին ներկա գտնված կինը: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Ըստ Գյումրու շտապ օգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի՝ իրենց աշխատակիցները կանչը ստանալուն պես՝ 09:28-ին, մեկնել են դեպքի վայր եւ տուժածին տեսել արդեն պարանից իջեցված, գետնին պառկած վիճակում: Ձախ նախաբազկին կտրվածքներ են եղել, գիտակցություն չի ունեցել, ըստ երեւույթին սկզբում փորձել է այդ ճանապարհով ինքնասպան լինել, հետո է կախվել: Սրտի աշխատանքը պահպանված է եղել, արագ տեղափոխվել է բուզժննության: Դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում։
ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2004 թվականի ապրիլի 8-ի N 541- Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝ 1. հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի N ՀՕ-267-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:
ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԱՎ
Երեկ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը: Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ եւ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:
ՏՈՒԳԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Պետական հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող մեքենաները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի՝ 3000 դրամի չափով: Իսկ պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 5000 դրամովի չափով, տվյալ ավտոմեքենայի վարորդները՝ 3000 դրամի չափով: Բացի այս, պարզվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը տուգանք նախատեսում է նաեւ ծառայողական մեքենաները սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական հիմնարկներին եւ կազմակերպություններին պատկանող ավտոմեքենաները դրանց համար սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` 3000 դրամի չափով: Իսկ, ահա, ավտոմեքենաները պահելու եւ օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 4000 դրամի չափով:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ
Երեկ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Ավետիսյանը մասնակցում էր հայրենի կառավարության նիստին։ Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց հունիսի 30-ին ընդունված «ՍԴ մասին» օրենքը: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը:
Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուին առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդին՝ հանրապետության նախագահը, իսկ երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը իշխանության ներկայացուցիչներից շատերի համար է անակնկալ եղել:
Ըստ տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միայն իրավաբանական թեւն է տեղյակ, թե ով է Վահրամ Ավետիսյանը, ու բոլորը միմյանցից փորձում են հասկանալ, թե ով է Ավետիսյանը, ու արդյոք վստահելի է, որին պետք է իշխանությունները «գործուղեն» Սահմանադրական դատարան: Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:
Ավետիսյանը ծնունդով Նաիրիի շրջանի Զովունի գյուղից է: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է, որ ճանաչում է Ավետիսյանին, ու կարելի է ասել՝ վերջինս իր դերակատարումն ունեցել է Ավետիսյանի առաջադրման հարցում: