Վահագն Գագիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Այսպես, Վահագն Հակոբյանը 2019 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, բուժման նպատակով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ այցելել է Երեւան քաղաքի Ավան Աճառյան փողոցի 2/2 հասցեում գործող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ, որտեղ զննության է ենթարկվել օրվա հերթապահ բժշկուհի Վիոլետա Դանիելյանի կողմից, սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով չի ընդունվել ստացիոնար բուժման, ինչից հետո դուրս է եկել հիշյալ կենտրոնից, մոտակա խանութից գնել է օղի եւ վերադառնալով կենտրոնի մուտքի մոտ՝ միացրել է ավտոմեքենայի ձայնարկիչի բարձր երաժշտությունն ու սկսել է ավտոմեքենայի մոտ շշով օղի խմել, ինչին միջամտել է կենտրոնում հասարակական կարգի եւ անվտանգության պահպանություն իրականացնող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկան, ոստիկանության ավագ Նորայր Գրիգորյանը, որը Վահագն Հակոբյանին կարգի է հրավիրել, ինչից հետո վերջինս ցածրացրել է ձայնարկիչի ձայնը, սակայն շարունակել է տարածքում ալկոհոլ խմել:
Ավելի ուժ՝ ժամը 12:30-ի սահմաններում, կենտրոն է հասել Վահագն Հակոբյանի հայրը՝ Գագիկ Ռաֆիկի Հակոբյանը, որը բժշկուհու հետ կրկին զրուցել է որդուն ստացիոնար բուժման ընդունելու հարցով, սակայն մերժում է ստացել, ինչի մասին հայտնել է Վահագն Հակոբյանին, որը սկսել է քարերով հարվածել կենտրոնի պատին:
Նորայր Գրիգորյանը դուրս է եկել կենտրոնից ու փորձել է հանգստացնել Վահագն Հակոբյանին, պահանջել է, որպեսզի նա հեռանա, սակայն Վահագն Հակոբյանը սկսել է վիճաբանել Նորայր Գրիգորյանի հետ, հայհոյանքներ է հնչեցրել կենտրոնի բժիշկների հասցեին՝ իրեն բուժման չընդունելու պատճառով, չի ենթարկվել Նորայր Գրիգորյանի կողմից հնչեցված հեռանալու, հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ օրինական պահանջներին եւ նրա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ մեկ անգամ աջ ձեռքի բաց ափով դիտավորությամբ ապտակել է Նորայր Գրիգորյանի ձախ այտին, որի հետեւանքով վերջինս զգացել է ֆիզիկական ցավ:
Այնուհետեւ Վահագն Հակոբյանը քաշել է Նորայր Գրիգորյանի հագին եղած ՀՀ ոստիկանության ծառայողի համազգեստից եւ փորձել է կրկին հարվածել, սակայն Նորայր Գրիգորյանը բռնել է Վահագն Հակոբյանի ձեռքերից՝ թույլ չտալով հարվածել, իսկ քիչ անց ժամանած ոստիկանության ծառայողները Վահագն Գրիգորյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Մարտիրոսյանը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոբերտ Մարիտրոսյանը, դիմելով ոստիկանություն, հայտնել է, որ հուլիսի 21-ին Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցի հատվածում իրեն են մոտեցել մի քանի անձինք, վիճել են իր հետ, հայհոյանքներ հնչեցրել եւ բռնություն գործադրել: Քաղաքապետարանի աշխատակցի դիմումի հիման վրա՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները սկսել են հետաքննություն իրականացնել եւ նշված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին են բերել հայր եւ որդու, որոնց մոտ հայտնաբերել է նաեւ ատրճանակ: Թե որքանով հայր ու որդին կապ ունեն քաղաքապետարանի գլխավոր մասնագետի նկատմամբ բռնություն կիրառելու հետ, եւ առհասարակ բռնություն եղել է, թե ոչ, ցույց կտա քննությունը:
Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ հուլիսի 22-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ հայտնել, որ հուլիսի 21-ին՝ ժամը 9:20-ից մինչեւ 9:30-ի սահմաններում, անհայտ անձիք Վազգեն Սարգսյան -Խորենացի-Բեյրութ փողոցների խաչմերուկում սպառնալիքներ եւ հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին: Ոստիկանության կողմից կատարված գործողությունների արդյունքում պարզվել է կատարող անձանց ինքնությունը, նրանցից մեկը բերման է ենթարկվել, որի մոտ հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ, նշանակվել են փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: Ասել է թե՝ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը:
Սակայն այս միջադեպը մի շարք հարցականներ է առաջ քաշում. քաղաքապետարանի գլխավոր մասնագետի հասցեին սպառնալիքներ հնչեցնող հայր ու որդին հենց այնպես չէին կարող դիմել այդ քայլին, միգուցե քաղաքապետարանի գլխավոր մասնագետն է այնպիսի գործողություներ իրականացրել, որոնք հունից հանել են քաղաքացիներին, եւ դրա համար էլ նրանք սպառնացել եւ հայհոյել են: Ասել է թե՝ առանց կրակ ծուխ չի լինում. սպասենք քնության արդյունքներին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Եղեգնաձորում նախորդ տարի փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի մասով նախաքննությունն ավարտվել է, գործը՝ ուղարկվել դատարան: Պարզվել են Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:
Դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա.Մխիթարյանի եւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի միջեւ, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել: Մինչ Ա.Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ. Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին եւ եղբորը՝ Զ.Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Գործով դեռեւս չպարզված անձանց, ինչպես նաեւ Զ. Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հ.Գրիգորյանի եղբորը՝ Զ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
ՓԵՍԱՆ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
«ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության:
Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում: Այս գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին: 3 ամիս անց դատավոր Կարեն Զարիկյանը կայացրեց որոշում, եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը հաղթեց դատարանում, իսկ ճանապարհային ոստիկանությունը պարտվեց: Արձանագրենք, որ Սարհատ Պետրոսյանը Ճանապարհային ոստիկանությունը դատի էր տվել այն բանի համար, որ ՃՈ-ն վերջինիս ենթարկել է 5.000 դրամի չափով վարչական տուգանքի՝ անվտանգության գոտին չամրակապած վիճակում վարելու համար:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՆԻՑ
Նախօրեին Լոռու մարզի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաղորդումից ժամեր անց ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի 28-ամյա մի կին:
Նա հրավիրվել է բաժին եւ խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը եւ օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ: Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, եւ հայտնել, որ մնացածը ծախսել է: 28-ամյա կինը նաեւ հայտնել է, որ փետրվարին, մարտին եւ մայիսին, գտնվելով նույն տանը, եւս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից եւ անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 եւ 30 հազար դրամ: Նախապատրաստվում են նյութեր: