ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք եւ առանց մանրամասնելու բովանդակությունը՝ ասեմ, որ եկանք այն եզրակացության, որ մենք սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք»,- կառավարության երեկվա նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ փոփոխությունը հետեւյալն է. կարող էր տպավորություն ստեղծվել, որ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը, միեւնույնն է, գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ հետեւաբար այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքները արվում են մի փոքր այս տրամաբանությամբ:

 

Մենք պետք է տրամաբանությունը փոխենք: Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե եւ ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, ռազմավարություն: Մենք պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ այդ գյուղերից Հայաստանը սկսվում է: Ինչպես ընդունված է ասել, որ սահմանային անցակետերից է սկսվում երկրի մասին առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը պետք է իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի մարտունակության, մրցունակության ամենակարեւոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում իրականացվող քաղաքականությունը»,-ասել է վարչապետը:

Նա նկատել է, որ դա 1-2 օրում տեղի չի ունենա, երկարատեւ ժամանակ պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչները այս ոգին, այս տրամադրությունը, գործելակերպը պետք է զգան, եւ դա պետք է սկսվի օր առաջ: «Մենք դրա վերաբերյալ արդեն մի քանի քննարկումներ ունեցել ենք: Իմ խորհրդականն է արդեն 10 օր գտնվում այնտեղ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն է մեկնել տեղում իրավիճակին ծանոթանալու: Մարդը այդ գյուղերում ոչ միայն պետք է ապրի, այլեւ ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր, ունենա աշխատանքով բարեկեցություն կառուցելու հնարավորություն»,-ասաց Փաշինյանը:

Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ այս պահին այդ գյուղերում արդեն 7 տան վերականգնման աշխատանքներն ընթանում են: Նրա խոսքով՝ օրինակ Չինարիում կա մի տուն, որտեղ ապրում է 10 հոգանոց ընտանիք՝ 5 երեխաներով, եւ նախընտրելի է, որ նոր տուն կառուցվի տան հողամասի տարածքում: Աշխատանքները այդտեղ կկարողանան սկսել արդեն օգոստոսի 10-ից: «Մենք առաջարկել ենք համայնքի ղեկավարին, որ նախաձեռնի եւ սկսի հողահատկացման աշխատանքները, որտեղ մենք պետք է հատակագծենք նոր ազգային ճարտարապետական ոճով թաղամասեր եւ քննարկենք, թե որ կարիքավոր խմբերին դրանք կհատկացնենք»,-ասել է նա:

Փաշինյանն էլ հավելեց, որ խոսքը այն տների մասին է, որոնք հրետակոծության արդյունքում ավերվել են, եւ հնարավոր չէ դրանք վերականգնել. «Պետությունն իր միջոցներով դրանք պետք է վերականգնի: Ընդ որում՝ նկատի չունենք սովորական վերականգնում, այլ սեփականատիրոջ համաձայնությամբ այդ տարածքն ամբողջությամբ մաքրվի, ձեւավորվի բոլորովին այլ միջավայր՝ նոր ճարտարապետությամբ, ցանկապատով, այգում եւս որոշակի աշխատանքներ կիրականացնենք»:

Նա հավելեց, որ լրիվ ավերված երեք տներից միայն մեկում էին մարդիկ ապրում. «Մյուս երկուսի դեպքում կփոխհատուցենք սեփականատերերին»:

 

 

ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ԾԱԾԿԸ ԲԱՑ Է

Հուլիսի 23-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում անձրեւում էր, իսկ քաղաքի  բազմաբնակարան  8  շենքերի,  տասնյակ առանձնատների, այլ կառույցների տանիքների ծածկերը  բաց  են։  Հուլիսի 21-ի երեկոյան փոթորիկը, հորդ անձրեւից առաջացած սելավները մեծ վնաս պատճառեցին Նոյեմբերյան քաղաքին, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բարեկամավան եւ Դովեղ գյուղերին։ Բնական տարերքից վնասվել են նաեւ գրասենյակներ, հասարակական նշանակության շենքեր, խանութներ եւ այլն։ Նոյեմբերյան  համայնքի  ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ հուլիսի 23-ի կեսօրվա դրությամբ  Նոյեմբերյան քաղաքի մի թաղամասում  դեռեւս  հաշվարկված չեն պատճառած վնասների չափերը։ Մինչ այժմ կատարված ուսումնասիրություններով՝ Նոյեմբերյան  քաղաքում  վնասվել է  220 առանձնատուն, Բարեկամավանում՝ 90, Դովեղում՝ 7։ Հորդ անձրեւից գոյացած սելավները լցվել են բնակիչների տները։ Դրանք լցվել են նաեւ Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցի,  մարզամշակութային կենտրոնի շենքեր, փոթորկից վնասվել  է  Բարեկամավանի բուժկետի տանիքը։ Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իրավիճակին տեղյակ է, այդ կապակցությամբ  իր հետ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նոյեմբերյան համայնքի բյուջեում ֆինանսական  ազատ միջոցներ չկան վնասված կառույցների նորոգումը  սկսելու համար։ Աղետի պատճառած վնասների վերաբերյալ տեղեկատվությունը Նոյեմբերյանի համայնքապետարանը ներկայացնելու է կառավարություն՝ ակնկալելով, որ   համապատասխան աջակցություն կցուցաբերվի։ Նոյեմբերյան համայնքի ղեկավարն ասաց, որ  փոթորիկը եւ  ջրհեղեղը վնասներ են  պատճառել  նաեւ գյուղատնտեսությանը, կոտրվել են պտղատու ծառեր, վնասվել է խաղողի այգիների բերքը։ Կ. Աբազյանի խոսքերով՝ համայնքի գյուղատնտեսությանը պատճառած վնասների չափերը պարզելու համար մի քանի օրից կստեղծվի հանձնաժողով։

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ

Վարդավառը Տավուշի մարզում  մեծամասամբ տոնում են  ոչ թե եկեղեցական տոնացույցով, այլ հուլիսի 20-ից հետո՝ կիրակի օրը։ Այս տարի Տավուշի մարզում այն կտոնվի հուլիսի 26-ին։ Իջեւանի համայնքապետարանն այդ կապակցությամբ  կոչով դիմել է  համայնքի բնակիչներին՝ նշելով, որ հարկավոր է պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, Վարդավառի ավանդական ձեւով տոնումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, օրեր անց կլինի վարակակիրների թվի շեշտակի աճ։ Համայնքապետարանը բնակիչներին կոչ է արել  եւ  հորդորել  զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր  հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Պետական եկամուտների կոմիտեի եւ Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաեւ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: Պետական եկամուտների կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով: Ծրագիրն ավարտվելու է 2021թ. մարտին, եւ արդյունքների հիման վրա՝ կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ եւ գործողությունների հետագա ծրագիր: Նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել եւ վերացնել թերությունները, ինչը, միաժամանակ, դրականորեն կանդրադառնա առեւտրի դյուրացման եւ կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔՈՒՄ

Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Ըստ փոփոխության՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։

Թողարկման տարեթվից հաշված` 4-ից 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննություն են անցնում տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Թեթեւ մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցների եւ մոտոցիկլներ տեխնիկական զննությունը՝ 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության, իրականացվելու է երկու տարին մեկ անգամ։ Իսկ 10-ից ավել տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ եւ այս խմբում ներառված մյուս տրանսպորտային միջոցների դեպքում տեխզննումը կատարվելու է տարին մեկ անգամ։

Նախագծում նաեւ նշվում է, որ թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը ՃՈ-ում առաջին անգամ հաշվառելը։

«Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում`սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում։




Լրահոս