«ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ». ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի, հայտնի քանդակագործ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակագործության բաժնի ղեկավար Վիգեն Ավետիսը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է կրթահամալիրի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին:

 

Նշենք, որ  հունիսի 21-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, հայտնի քանդակագործ Վազգեն Ավետիսին եւ եւս մեկ անձի բերման էին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

«Այն, ինչ կատարվեց, շատ վաղուցվա պատմություն է, որն արդեն բավականին ժամանակ է՝ չի հանգուցալուծվում, քանի որ Երեւանի քաղաքապետարանը կա՛մ մտածված, կա՛մ չունի կադրեր, որոնք կընդունեն եւ կկայացնեն որոշումներ, կլսեն  առաջարկներ, այլ հակառակը՝ արհեստական լարում են եւ բախումներ են առաջացնում երկու կրթահամալիրների միջեւ. խոսքը կրթահամալիրի եւ 93 մանկապարտեզի մասին է: Բախումները մինչ այսօր  շարունակվում են եւ արդեն վերածվել են թշնամանքի: Մանկապարտեզի տնօրենը երեխաների ծնողների հետ միասին ոստիկանների կողմից շատ լավ պաշտպանված են, երբ սկսում են շինարարական աշխատանքները, ոստիկանների եւ նրանց կողմից հսկվում են, կարծես հայ-ադրբեջանական սահման լինի, ոչ թե դպրոցի եւ մանկապարտեզի, ինչ-որ տեղ նաեւ ծիծաղելի է այդ իրավիճակը: Շատ ավելի զավեշտալի էր, երբ կարմիր բերետավորները հարձակվեցին մեզ վրա այն բանի համար, որ մենք բողոքում էինք քաղաքապետարանի որոշման դեմ: Գիտեք, ստացվում է, որ բանվորները ոստիկանական ուժի գործադրմամբ կատարում են շինաշխատանքներ: Թեեւ այդ օրը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի թաղապետն այնտեղ էր, բայց ոչ թե հանդարտեցրեց կրքերը, լուծումներ առաջարկեց, այլ կանչեց ոստիկանական պատժիչ ջոկատներ, որպեսզի պատժեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներին»,-պատմում է Վիգեն Ավետիսը:

Քանդակագործը վրդովված եւ միեւնույն ժամանակ վիրավորված է իրեն զգում, քանի որ կրթահամալիրի ուսուցիչներին եւ իրեն իրենց աշակերտների աչքի առաջ են բերման ենթարկել: Ըստ նրա` ոստիկանների գործողությունները ամոթալի եւ աշխարհում չտեսնված երեւույթ են:

Մեր զրուցակցի կարծիքով` այս ամենի միակ մեղավորը Երեւանի քաղաքապետարանն է, որը մատնված է անգործության, եւ եթե նման իրավիճակներ է ստեղծում, ապա շտապ պետք է լքի այն պաշտոնը, որը զբաղեցնում է:

«Այսինքն՝ եթե նա չի կարողանում հարց լուծել, ապա հարցը լուծում են ոստիկանների միջոցով: Սա 37 թիվը չէ, որ պատժիչ ջոկատներով հարցեր են լուծում: Չենք հասկանում իրար, եկեք զրուցենք, համագործակցենք, լուծումեր գտնենք. այդ ու՞մ ես պատժում: Եվ ինձ համար ամենազավեշտալին այն է, որ բերման ենթարկվելուց հետո, երբ հետ եմ վերադառնում կրթահամալիր, տեսնում եմ` շինարարությունը շարունակվել է: Այսինքն` այնքան մանկամիտ են, որ մտածում են, որ մեզ ձերբակալելով՝ պետք է իրենց գործը առաջ տանեն, այդ զոռբայությունը, այդ թշնամանքը, այդ ամեն գնով անելը, գոնե մի քիչ հարգանք ունենային, քանի որ իրենց պատճառով մեզ ձերբակալել էին, գոնե այդ ժամանակ դադարեցնեին, հասկանայինք` մեզ ինչ են անում, ծեծում են, սպանում են, նստացնում են, պարզապես մի քիչ ազնվություն է պետք ունենալ: Ես շատ ցավում եմ, քանի որ թուրքաադրբեջանական մշակույթ է մտել մեզ մոտ»,-նկատում է նա:

Իսկ, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել խնդրին լուծում գտնելու համար, Վիգեն Ավետիսը նշում է, որ միջադեպը բավականին մեծ արձագանք է ստացել հատկապես երկրի սահմաններից դուրս:

«Ես անընդհատ զանգեր եմ ստանում դրսից, ուղղակի չգիտեին, թե ոնց մեկնաբանեն այն իրականությունը, որտեղ ինձ կարող են իմ դպրոցից բերման ենթարկել, Աշոտ Բլեյանին բերման ենթարկել, դա ուղղակի աբսուրդ է, եւ ես հասկացա, որ պետք է շատ լրջորեն Հայաստանի կառավարությունը վերանայի պաշտոնները ե՛ւ Հայկ Մարությանի, ե՛ւ վարչական շրջանների կիսագողական ղեկավարների»,-հավելում է Վիգեն Ավետիսը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԻ ՔԻՉ ԴԵՊՐԵՍԻՎ ԵՄ». ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ` ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ սիրված դերասանուհի Անի Ղազարյանը նշել է ծննդյան 30-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  դերասանուհին պատմել է, թե ինչպես եւ ում հետ է անցկացրել օրը:

 

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ 30-ամյակս նշել եմ ընտանիքիս անդամների հետ միասին` ծնողներիս, երեխաներիս եւ ամուսնուս հետ միասին, եւ հենց ծնողներիս տանն էլ շատ փոքր հավաքույթ արեցինք,-նշում է դերասանուհին:

Խոսելով երազանքների եւ նպատակների մասին՝  Անի Ղազարյանն ընդգծում է. «Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարեւորը, հաշվի առնելով այս տարվա իրավիճակը եւ վերջին իրադարձությունները, ուզում եմ, որ խաղաղ ապրենք: Այս պահի դրությամբ ամենամեծ երազանքս դա է, եւ որ, ինչքան հնարավոր է, շուտ ավարտվի այս համաճարակը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին: Շուտ ավարտվի արտակարգ դրությունը, որպեսզի կարողանանք վերադառնալ թատրոն, նոր ներկայացումներ մատուցենք մեր հանդիսատեսին: Իրականում շատ եմ կարոտել բեմից հանդիսատեսի հետ շփումը: Իսկ նպատականերս կապված են ավելի շատ մասնագիտական բնագավառի հետ, եւ լիահույս եմ, որ կկարողանամ իրագործել դրանք»:

Հարցին` 30-ամյակն ինչ զգացողությունների տեղատարափ է առաջացրել դերասանուհու հոգում, նախ դերասանուհին ասում է. «Մի քիչ դեպրեսիվ եմ, քանի որ էլ չեմ լինի 20-ի մեջ, արդեն  հատեցի 30-ը, եւ երեկ այդ առումով դժվար համակերպվեցի այդ մտքի հետ: Զգում ես, որ մեծացել ես, երբ երեխաներդ արդեն հասուն մտքեր են արտահայտում, երբ շնորհավորում են ծննդյանդ տարեդարձը, բարեմաղթանքներ են հղում: Տարիքի հետ զգացողությունները տարբեր են լինում. ինչքան մեծանում  ես, այնքան պատասխանատվություն ես զգում ամեն ինչի նկատմամբ՝ թե՛ մասնագիտության, թե՛ երեխաներիդ, ամեն ինչ ուզում ես հասցնել: Հույսով եմ, որ ինձ մոտ դա կստացվի, բայց հասունանալու հետ մեկտեղ չեմ ուզում կորցնել նաեւ երիտասարդությունս, քանի որ մեր մասնագիտության մեջ դա շատ կարեւոր տեղ է գրավում. պետք է միշտ աշխույժ լինես»:

Անդրադառնալով նվերներին՝ Անի Ղազարյանի համար թանկ են ստացած բոլոր նվերները՝ անկախ չափերից:

«Նվերների մասով չեմ կողմնորոշվում, քանի որ առհասարակ բոլոր ստացած նվերներս էլ ինձ համար թանկ են, եւ բացարձակ կապ չունի դրա մեծ կամ փոքր լինելը, չեմ կարող ոչ մեկն առանձնացնել եւ պետք է ասեմ, որ ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն կա: Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Արթուր Նազարյանը. վերջինս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է:

 

ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ

Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ արքայական ակումբից: 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Միլանը», «Ինտերը» եւ պորտուգալական «Բենֆիկան»: Նշվում է, որ կոլումբացի կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզայի (Ալեմաո) հետ: Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» եւ մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր գլխավորած թիմը շարունակելու է պայքարել տիտղոսների համար: «Մենք կանգ չենք առնելու: «Լիվերպուլն» ունի մարտահրավերներ եւ պետք է հաղթահարի դրանք: «Լիվերպուլն» ունի հրաշալի ֆուտբոլիստներ եւ քայլ առաջ է կատարելու: Հաջորդ մրցաշրջանում մենք պայքարելու ենք բոլոր գավաթների համար»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ստացավ չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները։ Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցած Պրեմյեր լիգայի նախավերջին տուրի հանդիպումից հետո։ «Լիվերպուլը» 5։3 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»՝ սահմանելով նաեւ ակումբային ռեկորդ։ Պրեմյեր լիգայի երրորդ մրցաշրջանում անընդմեջ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չկրեց տնային հանդիպումներում։

«Լիվերպուլը» 30 տարի չէր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, որի ղեկավարությամբ 1990-ին «Լիվերպուլը» նախորդ անգամ դարձել էր չեմպիոն։

 

 




Լրահոս