Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այդ նախագծում փոփոխությամբ առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: «Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- նշված է ԱԱԾ-ի նախագծում:
Այսպիսով, Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է այս փոփոխությամբ կանոնակարգել տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում: