Իրավիճակը Ռուսաստանում հուլիսի 23-ի և 24-ի հարձակումներից հետո հանդարտվել է: Հիշեցնենք, որ բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանում ծնված հրեաներին պատկանող «Food City» մոսկովյան մեծածախ առևտրի շուկան արգելել էր հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը շուկայի տարածք, այնուհետև նաև «Твой дом» առևտրի կենտրոնում, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովն է, արգելվել էր հայկական ապրանքի վաճառքը: Իսկ հուլիսի 23-ին և 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի և հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների, հայերին պատկանող խանութների և սրճարանների վրա:
Իրավիճակին կոշտ արձագանքեցին Ռուսաստանի իրավապահ մարմինները, և այսօր կարելի է փաստել, որ հուլիսի 26-ից սկսած նոր հարձակումներ չեն եղել: Դեռևս հուլիսի 24-25-ը Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել էին հայերի և ադրբեջանցիների միջև ընդհարումների երեք տասնյակից ավելի մասնակիցների, ինչի մասին հայտնել էր Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Ձերբակալվածների մեջ կան նաև հայեր: Մասնավորապես, մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում այս պահին ձերբակալված են հինգ հայ երիտասարդներ՝ և՛ Հայաստանի քաղաքացիներ, և՛ Ռուսաստանի: Դատախազությունը պետք է դիմի դատարան՝ նրանց խափանման միջոցի փոփոխության հարցով: Սակայն հուլիսի 23-ին եւ 24-ին գրանցված դեպքերից հետո այժմ իրավիճակը հանգիստ է եւ վերջին օրերին բախումներ չեն գրանցվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.