Միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչները ժողով են արել՝ անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմամբ պայմանավորված միջոցառումների արգելքին։
Միջոցառմանը ելույթ է ունեցել հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը:
Նա նշել է, որ հավաքված հարյուրավոր ձեռնարկատերերն ու անհատները գործունեություն են ծավալում միջոցառումների կազմակերպման ոլորտում, որն ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։
«Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ մատակարար բիզնեսներ։ Դրանք են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմի բնագավառը, հյուրանոցային և հյուրատնային կոմպլեքսները, այլ բազմաթիվ բիզնեսներ»,-ասել է նա։
Աշոտ Բարսեղյանը հիշեցրել է, որ կառանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ «Թույլ տրվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ մեր ոլորտի ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի եվ իրադարձությունների իրական պատկերը եվ այլևս մեր կարծիքով վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը»,-ասել է նա։
Միջոցառմանը մասնակցող ձեռներեցները նշել են, որ պարտաստ են ամբողջությամբ ապահովել հակահամաճարակային պահանջները։
Միջոցառման կազմակերպիչները նաև հայտարարություն են տարածել՝ հիշեցնելով իրենց հիմնական պահանջները, որոնք ներկայացնում ենք ստորև․
Մենք խնդրում ենք Հայաստանի հանրապետության կառավարությունից և կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը եւ երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը։
Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները և ինչ-որ կերպ փոխհատուցել այն, հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։
Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը եվ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։