ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալը կխոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են դատարան, սակայն պարզել են , որ նա երկրում չէ: 5 տարի անց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ArmLur.am-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանն, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց , որ կգա ժամանակը և ինքը կխոսի։ Իսկ ահա շուրջ 5 տարի կալանքի տակ գտնվող Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը ներկայացրեց իրենց հետագա հնարավոր քայլերը :

Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին. վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Դեռեւս այն ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դատական նիստերից մեկի ընթացքում Գարեն Աթաջանյանը եւս նման հայտարարություն էր արել՝ նշելով, որ տեղի ունեցածը Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած բեմադրությունն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետը՝ ասելով, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը չորս տարի տեւած դատաքննությանն այդպես էլ չի ներկայացել եւ չի հարցաքննվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս