60 մլն եվրո՝ Կապսի ջրամբարի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը:

Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաև ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում:

Վարչապետը կարևորել է վերը նշված ծրագրի իրականացումը և հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաև Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ:




Լրահոս