ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Կրթության տեսչական մարմնի կողմից խստացված մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ, իսկ ստուգայցերի արդյունքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ: