Աշնան սկզբին հնարավոր է 3+2՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ ձեւաչափով հանդիպում տեղի ունենա ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ում սեփական աղբյուրներին։ Գործակալության աղբյուրը նշել է, որ հանդիպումը կկայանա, եթե երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկան եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը թույլ տան:
Համաձայն գործակալության աղբյուրի՝ ներկայումս լարվածության թուլացման ուղղությամբ ջանքերում համանախագահները մշտական շփումների մեջ են:
Նկատենք, որ այսօր ավելի վաղ թուրքական մամուլում մանրամասներ հայտնվեցին ՌԴ նախագահի ու Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցից։ Մասնավորապես Թուրքիայի նախագահի խոսնակն ասել էր, թե «դիվանագիտական լավ արդյունք է ունեցել» հեռախոսազրույցը: Խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է, որ «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միևնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել»։ Ըստ հայտնված լուրերի Պուտինն ու էրդողանը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկներն անելու և վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։
Եվ ահա, այս լուրերից անմիջապես հետո, տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են հանդիպել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև մի քանի օր շարունակ բախումներ էին գրանցվում։ Բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանում ծնված հրեաներին պատկանող “Food City” մոսկովյան մեծածախ առևտրի շուկան արգելել էր հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը շուկայի տարածք, այնուհետև նաև “Твой дом” առևտրի կենտրոնում, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովն է, արգելվել էր հայկական ապրանքի վաճառքը: Իսկ հուլիսի 23-ին և 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի և հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների, հայերին պատկանող խանութների և սրճարանների վրա: Մի խումբ երիտասարդներ դիմեցին պատասխան քայլերի՝ հարձակվելով ադրբեջանական սրճարանների վրա:
Իրավիճակին կոշտ արձագանքեցին Ռուսաստանի իրավապահ մարմինները։ Այսօր մամուլում հայտնվեցին լուրեր, որ մոսկովյան տարբեր դատարանների կողմից հայ-ադրբեջանական բախումների 15 մասնակիցների կալանավորելու մասին որոշումներ է կայացվել։ Այսօր արդեն կարելի է փաստել, որ հուլիսի 26-ից սկսած նոր հարձակումներ չեն եղել:
ՏԱԹև ՖՌԱՆԳՅԱՆ