Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն միասնական մոտեցում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին եւ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, եւ որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու:
Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու դրույթը: Սակայն, մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, եւ շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ վերանայվելու են նաեւ հանրապետության նախագահի լիազորությունները, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը դժգոհել էր իր սակավ լիազորություններից, սակայն հանձնաժողովը դեռ չի որոշել՝ ինչ են ավելացնելու նախագահի լիազորություններում: Այս որոշումները մասնագիտական հանձնաժողովի անդամները հեշտությամբ են կատարել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք չեն կարողանում համաձայնության հասնել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ:
Եվ վիճահարույց է հատկապես Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Սա էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն տեղեկացանք, որ քննարկումների արդյունքում կարծիքները տարբեր են եղել: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.