«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» հայտնում են.
«Հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
• 2018 – 2020թթ.-ին տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին եւ երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
• 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին եւ մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
Պայմանագրային զինծառայողներ Զոհրաբ Գեւորգի Սիանոսյանի, Արթուր Մարտունի Նալբանդյանի, Հայկազ Բաբկենի Մաթեւոսյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներ՝ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին եւ Արտակ Վլադիկի Օհանյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 ՀՀ դրամ եւ 150 000 ՀՀ դրամ:
Արթուր Մարտունի Նալբանդյանի ընտանիքին եւ Արտակ Վլադիկի Օհանյանին լրացուցիչ կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ ավագ երեխայի չափահաս դառնալը:
2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների եւ զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի եւ «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար»: