Հնդկաստանը շարունակում է աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. Արմեն Սարգսյանն անդրադարձել է իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցի խմբաքանակ: Դեղամիջոցը ամենաարդյունավետներից մեկն է համարվում կորոնովիրուսի դեմ պայքարում: «Ռեմդեսիվիր»-ի որոշ քանակ հնդկական արտադրողը՝ Hetero labs ընկերությունը, նվիրաբերել է Հանրապետության նախագահի աշխատակազմին:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեղամիջոցը օգտակար կլինի համավարակի դեմ պայքարում: «Բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դեղագործական արտադրանքի ամենամեծ արտադրողներից է,-ասել է Հանրապետության նախագահը։ -Հայաստանն առաջիններից մեկն է, որ ձեռք է բերել դեղամիջոցը, հույս ունեմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն բոլորի համար: Մենք միասին կկարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Hetero labs ընկերությանը՝ նախագահի աշխատակազմին դեղամիջոցի խմբաքանակ նվիրելու համար և նշել. «Մենք այն կտրամադրենք առողջապահության նախարարությանը՝ աջակցելու մեր հայրենակիցներին, որոնք առնչվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարություններին, հատկապես մեր երկրի սահմանային տարածքների բնակիչներին, քանի որ նրանք այս օրերին լրացուցիչ դժվարություններ ունեն՝ հարևան երկրի հրահրած ագրեսիայի պատճառով»:

Դեսպան Կիշան Դան Դևալը հնդկական ընկերության անունից հույս է հայտնել, որ աջակցությունը օգտակար կլինի Հայաստանի համար։ «Հույս ունենք, որ այս դեղամիջոցը կօգնի կորոնավիրուսի աճի կորը կտրուկ իջնեցնելուն։ Հուսով ենք նաև, որ այն կօգնի Հայաստանի ժողովրդին՝ վերադառնալու բնականոն կյանքի»,-ասել է դեսպանը։

Հանդիպմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անձնական կապերով իրենց աջակցելու և այդ կապերն ի շահ Հայաստանի օգտագործելու համար, ինչպես նաև, ի դեմս դեսպանի՝ երախտագիտություն հայտնել Հնդկաստանի Հանրապետությանը: Նա վստահություն է հայտնել, որ դեղամիջոցն օգտակար կլինի՝ հաղթահարելու կորնավիրուսի համավարակը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանի հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և լարվածությանը: «Այս ընթացքում, երբ մենք ու ողջ աշխարհը պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ գրեթե ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել իրավիճակից՝ այս՝ բացասական իմաստով «հնարավորության պատուհանը» օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ, որպես Հանրապետության նախագահ, հպարտ է, որ մեր զինված ուժերը վերստին իրենց հայրենիքը պաշտպանելու լիակատար ուժ և կարողություն դրսևորեցին:

Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ որոշակի մտահոգություններ ունի, և դրանցից մեկը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: «Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ, և սա արվում է առանց որևէ պատճառի,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Դա այն երկիրն է, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ»:

Հանրապետության նախագահի մյուս մտահոգությունը վերաբերել է նրան, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: «Սա բացարձակ անհեթեթություն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի հաջորդ մտահոգությունը վերաբերել է Ադրբեջանի կառավարությունից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: «Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող են լինել, եթե հանկարծ նմանատիպ գործողություն կատարվի,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Այդ դեպքում մենք ունենալու ենք կովկասյան Չեռնոբիլ, որից ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորը, ողջ տարածաշրջանը»:




Լրահոս